Այսօր առավոտյան երեք երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կիլոմետր արևելք, 15 կմ և 13 կմ հյուսիս-արևելք:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը առաջին երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 7:36 (Գրինվիչի ժամանակով ժամը 3:36): Օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալլ: Երկրորդ և երրորդ երկրաշարժերը գրանցվել են ժամը 9:10 և 10:14, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 և 2.8 մագնիտուդով, ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 և 3-4 բալլ:
Երկրաշարժերը զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում, Երևանում։
Վերջին ամիսներին այս էպիկենտրոնային գոտում հաճախ են գրանցվում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր, ավերածություններ և տուժածներ չկան։