Մատչելիության հղումներ

Վանաձորի ավագանու նիստն այսօր կրկին տապալվեց


Վանաձորի քաղաքապետարանի շենքը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած նիստին չէին եկել ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը։

Սա տեղական բյուջեն և սուբվենցիոն ծրագրերը հաստատելու արդեն երկրորդ նախաձեռնությունն էր, որ կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները բոյկոտեցին։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամներն այս անգամ էլ հայտարարեցին, որ սրանով ընդդիմադիրները տապալում են քաղաքի կարևորագույն խնդիրները լուծելու ծրագրերը՝ քաղաքական դրդապատճառներով։

«Ցավում եմ, որ մեր գործընկերները իրենց շահերը վեր ավելի դասեցին, քան Վանաձոր համայնքի շահերն էին», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերմինե Մանուկյանը։

Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները, մինչդեռ, հակադարձում են՝ ավելի վաղ իշխանական անդամներն են տապալել նիստ անցկացնելու իրենց նախաձեռնությունները։ Անգամ նշում էին, որ պետական կառույցներից գրավոր պատասխան են ստացել, թե օրենքը թույլատրում է ավագանու նիստ գումարել բացառապես համայնքի ղեկավարի ընտրության հարցով։

Քանի դեռ դատարանի սահմանած արգելանքով ղեկավար ընտրելու հնարավորություն չունեն, նիստերի չեն գնա, օրեր առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր դաշինքի անդամ Գայանե Քալանթարյանը. - «Եթե նիստը, որը մենք նախաձեռնեցինք, չկայացավ և գրավոր պատասխան ստացանք, մերժում ստացանք, որ նիստը չի կարող իրավազոր համարվել, ապա ինչպե՞ս եք նիստ անցկացնում դուք։ Ինչպե՞ս եք նիստ անցկացնում այդպիսի կարևոր հարցերով, ինչպես սուբվենցիոն ծրագրերը, քաղաքի բյուջեն, հաստիքացուցակները և այլն, և այլն»։

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից »Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն ընդդիմության պատճառաբանությունը տարօրինակ համարեց։ Նա շեշտեց, որ Վանաձորում ճանապարհներն անմխիթար են, զարգացման տեմպերը՝ դանդաղ. - «Սա կատարելապես ապաքաղաքական հարց էր։ Հարց էր, որտեղ որոշվում էր միայն էն, որ վանաձորցին պիտի՞ երթևեկի լավ, բարեկարգ փողոցներով, թե՞ ոչ, պիտի՞ ունենա ոչ թե տնակային, այլ քարե մանկապարտեղ, թե՞ ոչ... Ու էս ամեն ինչը չկայացավ, որովհետև քաղաքական դաշինքներից մեկը ուղղակի չի ներկայանում նիստին, չի ներկայանում ինչ-որ տարօրինակ պատճառաբանություններով»։

Եթե արդեն մեկ անգամ չէր կայացել բյուջեն հաստատելու նպատակով նախաձեռնված նիստը, և պարզ էր, որ ընդդիմությունը մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը, ինչո՞ւ իշխանությունը կրկին նիստ հրավիրեց։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ասաց՝ հույս ունեին, թե կգան. - «Թող իրանց քաղաքի համար մտածեն, գան հաստատեն, գործ անենք»։

«Ապրելու երկիր» խմբակցությունը երկու անգամն էլ ներկայացել էր, բայց անգամ նրանց մասնակցությամբ քվորում չապահովվեց։ Խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասաց՝ Վանաձորի կառավարման ճգնաժամը լուծելու միակ ելքը նոր ընտրություններն են համարում. - «Նման իրավիճակում մենք գտնում ենք, որ նոր ընտրությունները, ինչքան էլ ցանկալի չլինի, դա միակ ճանապարհն է ժողովրդավարության հենքի վրա ունենալ վերջապես քաղաքային իշխանություններ՝ անկախ նրանից, մենք շեմը կհաղթահարենք, թե ոչ»։

Դատարանն ավագանու նիստ անցկացնելու արգելանքի հարցը կքննի հուլիսի 20-ին։ Եթե անգամ արգելանքը վերացվի ու ավագանուն հաջողվի համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստ հրավիրել, ամենայն հավանականությամբ որևէ քաղաքական ուժի թեկնածուն չի ստանա անհրաժեշտ թվով ձայները՝ մեծամասնություն չունենալու պատճառով։

Ընդդիմադիր դաշինքի առաջնորդը՝ Մամիկոն Ասլանյանն արդեն կես տարի կալանքի տակ է։ Նրա կողմնակիցներից «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանն էլ ասաց՝ ծանուցագիր է ստացել պահեստազորայինների եռամսյա վարժանքներին մասնակցելու համար։ Առաջիկայում նա ևս չի կարող մասնակցել նիստերին։

Այս դեպքում հավանական են դառնում նոր տեղական ընտրությունները։ Մինչ այդ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ղեկավարում է վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG