Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ցույցերի ընթացքում զոհվել է 18 ցուցարար, ավելի քան 240 վիրավոր կա


Ուզբեկստանի խոշորագույն նահանգում սահմանադրական փոփոխությունների դեմ զանգվածային ցույցերի ընթացքում զոհվել է 18 ցուցարար, ավելի քան 240 մարդ, այդ թվում` տասնյակ ուժայիններ վիրավորվել են: Հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել, թե քանիսն են ազատ արձակվել, երկրի իշխանությունները չեն հայտնում։

Կարակալպակստանի մայրաքաղաքում ցուցարարների և ուժայինների միջև արյունալի բախումներ էին սկսվել անցած շաբաթ, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի։ Կենտրոնական իշխանությունը մտադիր էր կիսաինքնավար Կարակալպակստանին զրկել ինքնիշխանության կարգավիճակից և Ուզբեկստանից անջատվելու իրավունքից։

Ուզբեկստանի ամենամեծ շրջանը, որն զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 40%-ը, համարվում է կարակալպակների ծննդավայրը։ Մոտ երկու միլիոն թյուրքալեզու այդ ժողովուրդը իր լեզվի և էթնիկ պատկանելիության առումով ամենամոտն է ղազախներին, որպես ինքնավար մարզ 1924 թվականին ձևավորվել է հենց Ղազախստանի կազմում, ապա մի քանի տարի կառավարվել Մոսկվայից, 1936 թվականից էլ անցել է Ուզբեկստանի տիրապետության տակ։

Խորհրդային միության փլուզումից հետո անորոշության պայմաններում Կարակալպաստանին հաջողվել է համաձայնության հասնել Տաշքենդի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մարզը առնվազն քսան տարի մնում է Ուզբեկստանի կազմում, իսկ հետո իրավունք ունի անջատվելու հարցով հանրաքվե անցկացնել։

Ուզբեկստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը, սակայն, այդ հեռանկարը բացառում էր։

Տաշքենդի պլանների դեմ օրեր տևած տարերարային բազամահազարանոց ցույցերից հետո Ուզբեկստանի իշխանություններն ի վերջո ետքայլ արեցին՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որն էր իրենց մտադրության նպատակը և մոռացված հարցը կրկին օրակարգ բերելու դրդապատճառները։ Բողոքի աննախադեպ ալիքի ֆոնին` երկրի խորհրդարանը քվեարկեց Սահմանադրությունում մարզի ինքնիշխան կարգավիճակը պահպանելու օգտին։

Նույն օրը երեկոյան Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հանրապետությունում հասարակական կարգը վերականգնվել է, իսկ տեղի ունեցածի պատճառը Կարակալպակստանի բնակիչների կողմից «սահմանադրական բարեփոխումների սխալ մեկնաբանությունն է»։ Այս պնդումներից հետո կրքերն էլ ավելի բորբոքվեցին․ հաղորդվում է, որ մայրաքաղաք Նուկուսում հազարավոր ցուցարարներ կրկին փողոց դուրս եկան` այս անգամ բախվելով ուժայինների կոշտ դիմադրության։ Մի շարք աղբյուրների համաձայն` ոստիկանությունը ցույցերը ցրել է բիրտ ուժի կիրառմամբ՝ ջրցան մեքենաների, ճայթուցիկների, արցունքաբեր գազի օգնությամբ։ Հանրահավաքների առաջին իսկ ժամերից սահմանափակվել է ինտերնետային և հեռախոսային կապը, Ուզբեկստանի պետական լրատվամիջոցներն էլ տեղի ունեցածին որևէ կերպ չեն անդրադարձել։

Պաշտոնական մարմինները պնդում են, որ ցույցերը խաղաղ բնույթ չեն կրել, ցուցարարները «փորձել են գրավել պետական մի շարք հաստատություններ», ընդ որում ակնարկելով արտաքին ուժերի միջամտության մասին։ Ներքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, թե «որոշ անառողջ արտաքին ուժեր փորձել են ազդել իրավիճակի զարգացման վրա»։ Թե որ ուժերին է ուղղված մեղադրանքների սլաքը, Տաշքենդը չի հստակեցնում։

Այս պնդումներին հաջորդել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրամանը՝ Կարակալպակստանի տարածքում մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, ինչը ենթադրում է ազատ տեղաշարժի, հավաքների արգելք, բջջային կապի, ինտերնետի սահմանափակում, իսկ հասարակական կարգը հսկելու են հանրապետություն ուղարկված ազգային գվարդիայի լրացուցիչ ուժերը։

Ուզբեկստանի մայր օրենքը խմբագրելու նախաձեռնության հեղինակը նախագահ Միրզիյոևն է։ Այդ փոփոխությունների առանցքում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու առաջարկն է՝ հինգը դարձնել յոթ, ընդլայնել լիազորությունների շրջանակը, ինչպես նաև հետևելով Կրեմլի օրինակին` գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը «զրոյացնել», որպեսզի Միրզիյոևը հնարավորություն ստանա հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը Ուզբեկստանի նախագահի պաշտոնում։

XS
SM
MD
LG