Մատչելիության հղումներ

Օդեսայից մեծ թվով հայեր են տեղահանվել․ հայ համայնքի նախագահ


Օդեսայից մեծ թվով հայեր են տեղահանվել, «Ազատության» հետ զրույցում ասաց Օդեսայի հայ համայնքի նախագահ Տիգրան Հարությունյանը։

Տեղաշարժը սկսվել է պատերազմի հենց առաջին օրերից, նշեց Հարությունյանը՝ նկատելով՝ շատերը փոքր երեխաների, կանանց, ծերերի հետ հիմնականում լքեցին իրենց տներն ու դուրս եկան Ուկրաինայից։

«Օդեսայի մարզից ամենամոտ սահմանը Մոլդովայի սահմանն է, մոտ մեկ ժամվա մեքենայի ճանապարհ է, ու էդ սահմանագծի բոլոր կետերն այդ օրերին չափազանց ծանրաբեռնված էին, մարդիկ օրերով հերթի մեջ էին, որպեսզի դուրս գային։ Մի խոսքով՝ շատերը տեղահանվել են», -ասաց Հարությունյանը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ կոնկրետ թվեր դեռ չունեն, «քանի որ այդ օրերին հնարավոր չէր տվյալները հատ-հատ ֆիքսել»։

Օդեսայի հայ համայնքի նախագահի խոսքով՝ հիմնականում բոլորը դուրս էին գալիս նախ Մոլդովա այնտեղից Ռումինիա, Բոլղարիա, Լեհաստան, Չեխիա, Գերմանի։

«Ֆրանսիայում շատերը կան։ Տեղի եվրոպական երկրների հայ համայնքները շատ մեծ օգնություն են ցուցաբերել, որովհետև շատերը գնալու մեքենա չունեին, առաջին օրերին բենզինի, դիզելի մեծ խնդիրներ կային, մարդիկ չէին կարողանում նույնիսկ տեղաշարժվել իրենց մեքենաներով, կազմակերպվում էին մեծ ավտոբուսներով, քարավանով՝ տասնյակ ավտոբուսներով դուրս էին գալիս, ու եթե մենք ուղեկցություն էինք կազմակերպում, աշխատում էինք, որ տեղի համայնքները մեր ազգակիցներին տեղում դիմավորեն», - ասաց Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG