Մատչելիության հղումներ

Քաշաթաղի 3 համայնքների կարգավիճակը դեռ անորոշ է, բնակիչներն էլ անվտանգության երաշխիք են ուզում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում այսօր 80 մարդ կամ 25 ընտանիք է բնակվում։ 38 ընտանիք էլ լքել է գյուղը պատերազմական օրերին, դեռ չեն վերադարձել, վերադառնալու ցանկության մասին էլ չեն հայտնել։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը մտահոգություն հայտնեց նախ գյուղում նոր վերանորոգված ու առանց ուսուցիչ մնացած դպրոցի, այնուհետև Քաշաթաղի 3 բնակավայրերի վերաբնակեցման հարցերի շուրջ։

«Հստակ պետության կողմից պետք է պաշտոնական հայտարարություն լինի։ Եթե ասում ենք` Սուսը, Աղավնոն, Բերձորը մնում ա, ոչ թե պիտի ասենք ձևական, այլ պիտի նենց անենք, որ մարդիկ հետ վերադառնան», - ասում է նա։

Հարցին` իշխանության կողմից թերի աշխատանք է՞ տեսնում, պատասխանեց` այո, անպայման։ «Դիմել ենք, (պատասխանում են-հեղ.) ընթացքի մեջ է, աշխատում ենք»:

Անդրանիկ Չավուշյանը նաև նշեց, որ ինքը ոչ պաշտոնական աղբյուրներից, բայց տեղեկություններ է ստանում, որ խոչընդոտվում է բնակիչների վերադարձը Բերձոր քաղաք, Աղավնոյի մասին դեռ չի լսել։ Վերադառնալ ցանկացողներին ասում են` դեռ մի եկեք, սպասեք։ Ռուս խաղաղապահների հետ հիմա, ասում է, որևէ խնդիր չկա, բայց տհաճ խոսակցություն է ունեցել, երբ իրեն ասել են, որ տարածքը Հայաստանի ղեկավարը 5 տարով իրենց է հանձնել՝ պայման է դրված՝ գյուղում չպետք է լինեն զինված մարդիկ, չպետք է լինի շարժ, երբ շարասյունն է անցնում մայրուղով, ելումուտն էլ հսկվում է. «Ես էլ մեջբերի, որ ես Պուտինի խոսքն եմ հաշվի առնում, որ ասեց` ով որտեղ ա կանգնած, թող ընդեղ էլ մնա: Ես էլ ասում եմ` ես իմ տեղում եմ, եղել եմ գյուղում, հիմա այս պահին էլ եմ գյուղում։ Ըստ պայմանագրի` եթե ընդունենք հիմք, 5 կիլոմետրի տերուտիրակալը ռուսն ա, ինքն ա ասել, ուրեմն փաստորեն դուրս ա գալիս, որ մենք հայ ղեկավար չունենք։ Եթե ղեկավարը թույլ ա եղել և թույլ է տվել, իրանք էլ երեսով են տալիս»։

Պատերազմից հետո Ադրբեջանի տիրապետության տակ է անցել Արցախի Քաշաթաղի շրջանի գրեթե ողջ տարածքը՝ բացառությամբ 3 բնակավայրերի՝ շրջկենտրոն Բերձոր քաղաքի, հարակից Ներքին Սուս և Աղավնո գյուղերի, բայց դրանց կարգավիճակը դեռ հստակ չէ։ Բերձորի քաղաքապետի հետ կապվել չհաջողվեց, իսկ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը մեր այն հարցին` արդյոք վերադարձողներ եղե՞լ են այս ընթացքում, պատասխանեց՝ ցանկացողներ են շատ եղել. «Ասվել ա, որ սպասեն վերջնական որոշման, մինչև հստակություն լինի, նոր հասկանանք` այստեղի բնակիչներին թույլատրելու ենք վերադառնալ, թե ոչ»։

Իսկ ո՞ր պարագայում չեն թույլատրի վերադառնալ, արձագանքեց. «Ես չեմ կարող ասել` կարող ա հանձնվի, թե չէ»:

Վերադառնալու ցանկություն թեպետ կա, բայց վերադառնալու հնարավորություն դեռ չկա։ Անկախ ամեն ինչից Բերձորի բնակիչներն իրենց անվտանգությունն ապահովող բավարար երաշխիքներ չեն տեսնում։

«Օրը մի քանի անգամ Բերձորի միջով ադրբեջանցիները և կարողանում են անցնել, դեպի Շուշի գնալ, և հյուսիսային ու հարավային գյուղեր, այսինքն` շարժը պարբերաբար կա Բերձորի միջով, ու իրենք պարբերաբար գնում-գալիս են: Ես չեմ կարող հանգիստ խղճով իմ երեխային տանել մանկապարտեզ, ես ինքս գնամ աշխատանքի` քաջ գիտակցելով, որ երեխայի մանկապարտեզի կողքով ամեն վայրկյան թուրքերը անցնում են, ու ես ոչ մի երաշխիք չունեմ` իրենք իմ երեխային վնաս կտան, թե չեն տա», - ասում է Բերձորի բնակիչներից Մարիամ Թևոսյանը:

Թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Գասպարյանի խոսքով էլ. «Գիտեք` ի՞նչ ա ասում էտ ռուսը, ասում ա` ես մենակ էտ ճանապարհն եմ հսկում, ես չեմ գալու, ձեր տան կողքը կանգնեմ, թուրքն էլ գիտենք, որ ադրբեջանցիք նենց մարդիկ են, որ կարող են գիշերով էլ դիվերսիա անեն, գան, մեզ սպանեն: Մեր ապահովվությունը ապահովված չի, երաշխիք չկա»:

Բերձորում էլ այսօր թեպետ փոքր թվով, բայց բնակիչներ կան։ Բերձորի բնակիչ Մարիամ Թևոսյանը պատմեց, որ մայրն ու քույրն օրեր առաջ են Բերձորում եղել, իրենց հարազատի շիրիմին այցելելու նպատակով և նրանց գերեզման ուղեկցող ռուս խաղաղապահների հետ նման խոսակցություն են ունեցել. «Մայրիկենք ասել են` հենա էլի, լույսեր են վառվում, տներ կան փաստորեն, որ ապրում են, խաղաղապահը պատասխանել ա, որ մի քանի տղամարդիկ են ու ծեր կանայք, երեխաներ չկան, ու ասել են, որ մենք զարմանում ենք, թե ոնց են էս մարդիկ մնացել էստեղ, ապրում, որովհետև քաղաքը մեր վերահսկողության տակ ա ժամանակավոր, և մենք չենք կարող ամեն մի ընտանիքի անհատական հսկել»։

Քաշաթաղի անհայտ կարգավիճակով 3 համայնքների բնակիչները հիմա սպասում են որոշման. հույսը միայն այս պահին պետության կողմից տրվող աջակցությունն է, վաղվա օրն ու անելիքն անհայտ է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG