Մատչելիության հղումներ

«6-րդ օրն է ու նույնիսկ ձերբակալված չեն էդ մարդիկ». արդար քննության պահանջով բողոքի ակցիա Նիգավանում


Նիգավանում կրակոցների հետևանքով սպանված երկու և վիրավորում ստացած մյուս երիտասարդների հարզատները գործի արդար քննություն են պահանջում, նաև ցանկանում են հանդիպել վարչապետին։ Այդ նպատակով այսօր բողոքի ակցիա էին անում Ապարանում։ Մտավախություն ունեն, որ գործը օբյեկտիվ չի քննվի։

«6-րդ օրն ա ու նույնիսկ ձերբակալված չեն էդ մարդիկ, արդեն կասկածի տեղիք ա տալիս, որ գործն իր հունով չի գնում», - ասաց սպանված Հմայակ Միքայելյանի հորեղբայր Աբրահամ Միքայելյանը:

Կրակոցներից սպանված 27-ամյա Հմայակ Միքայելյանի հորեղբայրը կասկած չունի՝ սպանությունը կազմակերպված է եղել։ Ասում է՝ կազմակերպիչներն էլ պետք է պատասխանատվություն կրեն։ Մինչդեռ այս ընթացքում Քննչական կոմիտեն հաղորդել է միայն մեկ ձերբակալվածի մասին։

«Իմ խնդրանքը կլինի Քննչական կոմիտեի նախագահին, լրիվ ուժային կառույցների ղեկավարներին, ղեկավարությանը, որ ուշադիր լինեն, ինչի չէ, մեր վարչապետին», - ասաց Աբրահամ Միքայելյանը:

Նախաքննական մարմնից այսօր գործի ընթացքի վերաբերյալ նոր մանրամասներ չհայտնեցին՝ պատճառաբանելով, թե հանգստյան օր է։

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ևս 5 հոգի էլ տեղափոխվել էր բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի վիճակն առայսօր բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։

Սպանվածների հարազատների խոսքով՝ վիճաբանությունը քաղաքական ենթատեքստ չի ունեցել, սակայն պնդում են՝ դրան ու հաջորդող իրադարձությանն առնչություն են ունեցել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի բարեկամները։

«Մեր պահանջն առաջինն էդ է, որ պիտի իրանք դուրս գան Ապարանից, ով որ մասնակից է, ում միջոցով, ում մատը, որ խառն ա էս ամեն ինչի մեջ, ինքը Փարվանյան Էդգարն ա, իրա հորեղբոր տղա Փարվանյան Ռոմանն ա, իրա եղբայրն ա, ու էդքանին ես կարամ ասեմ, որ անուն ազգանուններով շեշտում եմ», - ընդգծեց Հմայակ Միքայելյանի եղբայր Հայկ Միքայելյանը:

«Ներկա եղել է էդ կոչեցյալի եղբայրը՝ դեպուտատի, ընդեղ ներկա են եղել Էդգար Փարվանյանի հրեղբոր տղաները, երկուսը», - ասաց Տիգրան Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը:

Իշխանականները հերքում են, թե անցած շաբաթ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին իրենց թիմակիցների հարազատները ևս առնչվել են։ Փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարզատներից Ժորա Փարվանյանն էլ ժխտում է սպանվածների հարազատների մեղադրանքները, թե իր տղան է միջադեպը հրահրել։ Հարազատներն այսօր նաև նրանց տան մոտ էին հավաքվել։

«Չի զանգել հրավիրել, ինքը ասել ա՝ չգաք ստեղ, իրա գործի տեղը: Ով որ սխալ ինֆորմացիա ա տվել ձեզ, գնացեք պարզաբանեք», - ասաց Ժորա Փարվանյանը:

Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ միջադեպին առնչություն է ունեցել նաև իր ազգականը։ Ասաց՝ նախաքննություն է ընթանում։ Փոխմարզպետը պնդեց, թե սգի մեջ գտնվող հարազատներին ինչ-որ մարդիկ են ուղղորդում իրենց դեմ, թե ովքե՞ր, հրաժարվեց հստակեցնել։

«Գնացեք քննչական մարմիններից հետաքրքրվեք, հարցրեք՝ որը որից հետո ա, թող տան ձեզ էն ինֆորմացիան, որը ենթակա ա տալու: Այս ամեն ինչի ենթատեքստը սրա հրահրողն ա, ես չեմ ուզում հիմա ինչ-որ անուններ հնչեցնեմ», - նշեց Փարվանյանը:

Աղմկահարույց սպանությանը հաջորդեց ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնանկությունը։ Արդյոք պաշտոնյայի հեռացումը կապված էր Ապարանում տեղի ունեցած դեպքերի հետ, թե ոչ, այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։

Սպանություններից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե միջադեպը սկսել է վարչապետ Փաշինյանին հայհոյելու պատճառով, այդուհանդերձ, իրավապահներն արագորեն հերքեցին այս վարկածը՝ նշելով, որ դեպքը կենցաղային բնույթ ունի և ծագել է մեքենային ազդանշան տալու հետևանքով։

XS
SM
MD
LG