Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը քննարկել են պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։
Մասնավորապես, ըստ Արտգործնախարարության, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: