Մատչելիության հղումներ

Մինսկում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպումը


Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների` Արթուր Դավթյանի, Քյամրան Ալիևի և Իգոր Կրասնովի եռակողմ հանդիպումը։

Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները, հաղորդում է հայկական կողմը:

Ադրբեջանական կողմը հավելում է` դատախազները քննարկել են երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունների կատարման ընթացքը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության` Քյամրան Ալիևն անդրադարձել է «ղարաբաղյան պատերազմներից հետո անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերի կարևորությանը», «ընդգծվել է ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման կարևորությունը, ինչպես նաև Ղարաբաղ անօրինական ուղևորությունների անթույլատրելիությունը»:

Արթուր Դավթյանը հունիսի 8-ին այցելել էր Արցախ, ինչը հարուցել էր Բաքվի դժգոհությունը:

Հանդիպմանը Քյամրան Ալիևը նշել է, որ Բաքուն լիովին կատարում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, սակայն Արթուր Դավթյանը բարձրացրել է հատկապես այդ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա նշել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրնեը սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով, հայտնում է դատախազությունը:

Սա երեք երկրների գլխավոր դատախազների առաջին հանդիպումը չէ։ Նրանք հանդիպել են 2021-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից մեկ օր անց։ Արթուր Դավթյան-Իգոր Կրասնով-Քամրան Ալիև հանդիպում տեղի է ունեցել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում 2021-ի սեպտեմբերին՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG