Մատչելիության հղումներ

Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները


Արթուր Դավթյան-Իգոր Կրասնով-Քամրան Ալիև հանդիպում Նուր-Սուլթանում , 23-ը սեպտեմբերի, 2021թ
Արթուր Դավթյան-Իգոր Կրասնով-Քամրան Ալիև հանդիպում Նուր-Սուլթանում , 23-ը սեպտեմբերի, 2021թ

Մինսկում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Իգոր Կրասնովի և Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում է ռուսական TASS գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվելու է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։

Թե խոսքն ինչ պայմանավորվածությունների մասին է, Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում որոշ փակագծեր բացեց՝ մասնավորապես նշելով, որ նախորդ հանդիպումների ընթացում սահմանային միջադեպերի հետ կապված տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որի հետագա ընթացքը հայկական կողմի համար գոհացուցիչ չի եղել։

«Ազատություն»․ - Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյո՞ք գերիների վերադարձն այդ պայմանավորվածությունների շարքո՞ւմ է։

Գոռ Աբրահամյան․ - Ինչպես գիտեք, նախորդ տարի կայացել է նման ձևաչափով երկու հանդիպում՝ Ռուսաստանի գլխավոր դատախազի նախաձեռնությամբ։ Այո՛, Մինսկում, ըստ էության, նախատեսված է նման եռակողմ ձևաչափով հանդիպում, որի օրակարգում այն պայմանավորվածությունների և խնդիրների քննարկումն է, որոնք ձեռք են բերվել նաև իմ կողմից նշված նախորդ երկու հանդիպումների ընթացքում։

Ինչպես գիտեք այդ հանդիպումների ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազի կողմից բարձրացվել է առաջնահերթորեն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման անհրաժեշտության խնդիրը, որպես տարածաշրջանային կայունության, հետպատերազմյան վերականգնման և հնարավոր հետագա համագործակցության նախադրյալ։ Բացի դրանից, քննարկվել էին նաև նախորդ հանդիպումների ժամանակ սահմանային հնարավոր միջադեպերի հետ կապված տեղեկատվության փոխանակման կայուն ձևաչափեր ապահովելու, այդ շրջանակներում որոշակի համագործակցություն Ռուսաստանի դատախազության միջոցով ապահովելու վերաբերյալ։ Կարծում եմ, որ այս սպասվող հանդիպման ընթացում դրանք ևս կքննարկվեն, այսինքն՝ դրանց արդյունավետությունը ևս քննարկման թեմա կլինի։

«Ազատություն»․ - Այդ համագործակցությունը կա՞՝ սահմանային միջադեպերի հետ կապված տեղեկատվության փոխանակման։

Գոռ Աբրահամյան․ - Նման պայմանավորվածություններ ձեռք էին բերվել, բայց անկեղծ ասած, հայկական կողմի համար հետագա ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չի եղել և, կարծում եմ, որ փորձ կարվի այս հանդիպման ընթացում սրա հետ կապված ևս որոշակի քննարկումներ ապահովել, եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն լրացուցիչ, շատ ավելի լավ։

«Ազատություն»․ - Նախորդ պայմանավորվածությունների շարքում եղե՞լ է որոշակի թվով գերիների վերադարձ, որ այսօր, օրինակ, կարող է ամրագրվել և գերիներ վերադառնան Հայաստան։

Աբրահամյան․ - Ավելի շատ պայմանների խնդիրների մասին է այնտեղ խոսակցությունը եղել։ Այդ խնդիրն ավելի շատ բարձրացվել է գլավոր դատախազի կողմից, կրկնում եմ, որպես եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման հստակ պահանջ, որը պետք է անվերապահորեն կատարվի և կատարվի իմ նշած առաջնահերթություններից ելնելով։ Պայմանավորվածությունները վերաբերվում են պահման պայմաններին, սահմանային միջադեպերի հետաքննության որոշակի ձևաչափերի, համատեղ, այսպես ասած, քննություններ ապահովելու, որպեսզի իրական պատկերը բոլոր դեպքերի հետ կապված ի հայտ բերվի՝ և՛ պատճառները, և՛ մեղավորները, թե կողմերից որն է մեղավոր այդ միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտման համար և օբյեկտիվ քննություն ապահովելով՝ հետագայում կանխվեն նմանատիպ դեպքերը։ Սրան է հիմնականում վերաբրվել, և այդ շրջանակներում նաև տեղեկատվության փոխանակման եռակողմ ձևաչափի գործարկմանն է վերաբերել, բայց, կրկնում եմ, նախորդ ժամանակաշրջանում ունեցած մեր պրակտիկան այնքան էլ լավատեսություն չի ներշնչում Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածությունների պահպանման կապակցությամբ։

Գլխավոր դատախազությունից փոխանցում եմ՝ հանդիպումն այսօր է նախատեսված։

Կրասնովն արդեն Մինսկում է

Ռուսաստանի գլխավոր դատախազն արդեն Մինսկում է՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի գլխավոր դատախազության հիմնադրման 100-ամյակի միջոցառումներին։ Մինսկում է նաև Հայաստանի գլխավոր դատախազը։ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ։
Սա երեք երկրների գլխավոր դատախազների առաջին հանդիպումը չէ։ Նրանք հանդիպել են 2021-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից մեկ օր անց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման համաձայնությունների հենքով շարունակել համագործակցությունը։ Իգոր Կրասնովը հայտարարեց, որ գխավոր դատախազների եռակողմ հանդիպումը նշանակալից բնույթ է ստանում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, ներառյալ ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու մասին երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների լույսի ներքո։

Արթուր Դավթյան-Իգոր Կրասնով-Քամրան Ալիև հանդիպում տեղի է ունեցել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում 2021-ի սեպտեմբերին՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG