Մատչելիության հղումներ

Թուրքիայում համայնքային հիմնադրամների ընտրությունների հարցը լուծում է ստանում


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանը և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել են նաև վաքըֆների ընտրությունների հարցը, Անկարա, 9-ը հունիսի, 2022թ.

Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնությունների համայնքային հիմնադրամների՝ վաքըֆների ընտրության տարիներ շարունակ առկախված հարցը շուտով լուծում կստանա: Նախորդ շաբաթավերջին թուրքական պաշտոնաթերթում հրապարակվեց նոր կանոնադրությունը, որը սահմանում է հիմնադրամների ընտրությունների կարգը:

Ավելի քան տասը տարի փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի հիմնադրամները ընտրական կանոնադրություն չունեին և չէին կարող նոր ղեկավարություն ընտրել: 2019-ի դեկտեմբերին, երբ երկարամյա սպասումից հետո պատրիարքական ընտրություններ անցկացվեցին, օրակարգ եկավ հիմնադրամների նոր վարչության ընտրության հարցը:

Այդ հիմնադրամների կազմում մարդիկ են, որոնք, ըստ էության, համայնքի աշխարհիկ ղեկավարներ են։ Նրանք զբաղվում են համայնքային գույքի տնօրինմամբ՝ ապահովելով դպրոցների, հիվանդանոցների, տարբեր միությունների և համայնքային այլ կառույցների կենսունակությունը:

Հայկական համայնքների ներկայիս ղեկավար կազմը փաստացիորեն շարունակում է պաշտոնավարումը արդեն 13-14 տարի՝ առաջացնելով ներհամայնքային տարաձայնություններ:

Նախորդ կանոնադրությունը դեռ 2013 թվականին լրամշակման համար հանվել էր շրջանառությունից, և ընտրություններ այլևս տեղի չէին ունեցել: Համայնքի ներկայացուցիչները բազմիցս հարցը բարձրացրել էին իշխանական օղակներում, այդ թվում՝ անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ: Շուրջ երկու ամիս առաջ Անկարայի նախագահական նստավայրում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ ևս շոշափվել էր այս հարցը, Էրդողանը հայ համայնքի ներկայացուցիչներին ասել էր, որ քաղաքական կամք կա մոտ ապագայում լուծել խնդիրը՝ այսպիսով աջակցելով գործընթացին:

Համաձայն նոր կանոնադրության՝ ընտրություններն այսուհետ 5 տարին մեկ են անցկացվելու, համայնքային հիմնադրամները 7 վարչության անդամ են ունենալու, ավելի մեծ հիմնադրամները՝ առավելագույնը 11 անդամ: Նախատեսվում է մինչև տարեվերջ ընտրություններ անցկացնել և նոր վարչության կազմ ձևավորել: Բացառություն են փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները, որոնք կանցկացվեն ավելի ուշ՝ մինչև 2023 թվականի ավարտը:

Ընտրական շրջանները համապատասխանելու են պատգամավորական ընտրությունների ժամանակ սահմանված շրջաններին: Ստամբուլից բացի, որտեղ կենտրոնացած է թուրքահայության գերակշիռ մասը, նոր ղեկավարություն կընտրեն նաև Թուրքիայի այլ հայաբնակ համայնքներում:

Թուրքահայ հիմնադրամների միությունը վաղը ժողով կգումարի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում՝ քննարկելու ընտրական գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Մինչև տարեվերջ ընտրություններ անցկացնելու համար նախապատրաստական լուրջ աշխատանք է անհրաժեշտ: Ըստ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի՝ «անկավում է, որ հիմնադրամների նոր ղեկավար կազմը եռանդ կհաղորդի թուրքահայության կյանքին՝ իր հետ բերելով մի շարք դրական փոփոխություններ»: Այդուհանդերձ, հիմնադրամների ղեկավարների թեկնածուների անուններ առայժմ չեն հրապարակվել։

XS
SM
MD
LG