Մատչելիության հղումներ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. Պատրուշև


Լուսանկար՝ ՀՀ ԱԽ գրասենյաակի

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը երեկ Երևանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:

Պատրուշևը Երևան է ժամանել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

XS
SM
MD
LG