Մատչելիության հղումներ

Վարչապետը ԵԱՀԿ ԽՎ նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կառավարության ղեկավարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Վարչապետը կարևորել է նաև ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում, ասվում է հաղորդագրությունում:

Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը և նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և «բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG