Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական դասարանների քանակն ավելացնելու հարցը քննարկման փուլում է


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյան

Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում աշակերտների թիվը փետրվարից ավելացել է 147-ով։ Սա հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսների հոսքով է պայմանավորված։

Ռուսական կողմը հաշվարկներ է ներկայացրել, որ աշակերտների թիվն աճելու է, իսկ այդ դեպքում ռուսական դասարանների քանակը ևս ավելացնելու կարիք կա, ասում է կրթության եւ գիտության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը. - «Եթե երկիրը հյուրընկալում է և նաև երկրում գտնվում է ռուսալեզու քաղաքացիների մեծ խումբ, ապա բնականաբար որակյալ կրթության համապատասխան պայմանները պետք է փորձենք ապահովել»։

Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու մասին պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Օրերս Երևանում արտգործնախարար Միրզոյանի հետ ասուլիսում էլ շեշտեց դա. - «Հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների քանակը, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը»։

Ռուսական դպրոցների թիվն ավելացնելու մասին պաշտոնական հայտարարությունները Հայաստանում միանշանակ չեն ընդունվում։ Աշակերտների թվի աճի հիմնավորումներն ընդամենը պատրվակ են Ռուսաստանի տասնամյակների ցանկությունն իրականացնելու համար, պնդում է օտարալեզու դպրոցների դեմ պայքարող նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը. - «Դա նույն Ռուսաստանի Դաշնության ծրագիրն է՝ Հայաստանը դարձնել երկլեզու պետություն, առնվազն։ Նրանք դա չեն թաքցնում, երեսուն տարի է, պարբերաբար դրա մասին խոսում են»։

Փոխնախարար Անդրեասյանը ընդգծում է՝ դասարանների ավելացման դեպքում անգամ օրենսդրական փոփոխություն չի լինելու։ Դարձյալ գործելու են սահմնափակումները. այս դասարաններում շարունակելու են սովորել միայն այն աշակերտները, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը այլ երկրի քաղաքացի են կամ աշակերտը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է։ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ծնողների դեպքում երեխան կարող է սովորել, եթե հինգ տարի անընդմեջ սովորել է այլ երկրում։

«Եվ այս քաղաքականությունը չի փոխվել, և այս կարգը գործում է», - ասաց Անդրեասյանը։

Հայաստանում ռուսերենի ուսուցմամբ դասարաններ կան 45 դպրոցներում։ Մինչև այս պահը Հայաստան տեղափոխված ռուսալեզու աշակերտներին տեղավորելու խնդիր չի եղել։ Փոխնախարարի խոսքով հարցը միայն դասարանների քանակը չէ, շղթայական խնդիրներ կան. - «Նույն Վանաձորում ընդլայնման խնդիրը առնչվում է նաև ուսուցչական կադրերի հասանելիության խնդրին։ Եթե բացվի ևս մեկ ռուսերենով ուսուցման դասարան, ապա էստեղ ուղղակի որևէ մեկը չի կարող դասավանդել, որովհտեև էդ ուսուցիչները չկան»։

Օտարալեզու դպրոցների դեմ պայքարող Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, եթե այդ դասարանները բացվում են Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների համար, ապա պիտի ունենան նույն կարգավիճակը, ինչ ռուսական դպրոցները Հայաստանում։ Այսինքն՝ ամբողջությամբ լինեն Ռուսաստանի ենթակայությամբ և ֆինանսավորմամբ։ Հայաստանում մի քանի ռուսական դպրոցներ կան, որտեղ զինվորականների երեխաներն են հիմնականում սովորում։ Առնչություն չունեն հայաստանյան կրթահամակարգի հետ։ Ռուսաստանի ծրագրով ու կրթության չափորոշիչներով են։

«Էդ կարգավիճակով մեկ դպրոցը թող հինգ դառնա, երկու դառնա, երեք դառնա։ Բայց եթե իրենք մտնում են մեր դպրոցներ, եթե դասարան են ընդլայնում, ուրեմն պետք է լինի մեր ծրագրերով, պետք է վճարովի լինի կրթությունը։ Որովհետև եթե ուզում ես անվճար, տանում ես հայկական դպրոց, կամ ռուսական թեքումով հայկական դպրոց», - նշեց Հովհաննիսյանը։

Կրթության նախարարությունը թեեւ ռուս գործընկերների հետ քննարկում է ռուսական դասարանների բացման ու ռուսաստանից աջակցության հարցը, բայց դեռ հստակ չէ այդ դասարաները սեպտեմբերից կբացվեն, թե ավելի ուշ։

Օտարալեզու դպրոցների դեմ պայքարի ակտիվ մասնակիցներից էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանի իշխանության օրոք թեեւ հաճախ են ռուսական դպրոցների բացման հայտարարություններ հնչում, սակայն Արայիկ Հարությունյանը այդ առնչությամբ տեսակետ չի հայտնում։

XS
SM
MD
LG