Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունում համաձայն չեն, թե երկրում դեղորայքի դեֆիցիտ կա


«Եղե՞լ են դեղեր, որ դժվարացել եք գտնել դեղատներում։ Հատկապես այնպիսիք, որ միշտ եք գնել»։ Ֆեյսբուքում «Ազատության» այս այս հարցմանը 5 տասնյակից ավելի մարդ է արձագանքել։ Դեղերի անունները չնշելով՝ մի քանի գրառում ենք առանձնացրել.

«Կոկորդի ցավի դեղ, ձայնալարերի համար է։ Ոչ մի փոխարինող նույն էֆեկտը չունի»։

«Քաղցկեղի քիմիայի դեղերի խնդիր կար»։

«Բոլոր աչք վիրահատածների համար մեկ դեղ է։ Փոխարինող դեղ էլ շատ քիչ բժիշկներ են խորհուրդ տալիս»։

«Լինզայի հեղուկ։ Չկա ոչ մի տեղ»

Հայաստան դեղ ներկրող ամենախոշոր ընկերություններից մի քանիսը դեռ ամիսներ առաջ էին ահազանգել, որ առաջիկայում շուկայում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու՝ թանկացումներից մինչև դեֆիցիտ:

Ներկրող ամենախոշոր ընկեություններից մեկի տնօրեն Վահե Վարսամյանն «Ազատությանն» հետ զրույցում կրկնեց իր ամիսներ առաջ ասածը. - «Տեսնելու եք, որ դեղերի գները բարձրանալու են» Երկրորդը էն դեղերը, որ նշանակել են ու ձեզ պետք են, չեք գտնի դեղատներում»։

Առողջապահության նախարությունը քովիդից ու պատերազմից հետո արգելեց Հայաստանում չգրանցված դեղ ներկրել, ինչը, ըստ ներկրողների, հանգեցնելու է դեղերի թանկացմանն ու դեֆիցիտին։

Առողջապահական գերատեսչությունում սակայն համաձայն չեն ներմուծող մասնավոր ընկերությունների հետ. թե ամիսներ առաջ, թե հիմա ասում են՝ դեղի դեֆիցիտ երկրում չկա։ Ոլորտի նախկին ու ներկա ղեկավարները՝ Անահիտ Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանը հակադարձել էին, որ միայն քովիդի ու պատերազմի ընթացքում էին թույլատրել ՀՀ-ում չգրանցված դեղեր ներկրել, որպեսզի այդ ծանր ժամանակներում դեֆիցիտ չառաջանար, իսկ հիմա պատերազմն ու քովիդն ավարտվել են, թույլտվությունը շարունակելու կարիք չկա, հակառակ դեպքում շուկան, նրանց կարծիքով, անվերահսկելի կդառնա։

Նախարարության դեղորայքային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանն արձագանքելով մեր հարցմանը պատասխանած 5 տասնյակից ավելի օգտատերերին, որ երբեմնի հասանելի դեղերն այսօր դժվարությամբ են գտնում դեղատներում՝ ասաց, թե գուցե հազվագյուտ դեղերի մասին է խոսքը, բայց անգամ դրանք փոխարինիչներ ունեն։

Հակառակ դեպքում, ըստ Մկրտչյանի, ոլորտի մասնագետները կտեղեկացնեին իրենց, որ կենսական կարևորության ո'չ դեղը կա, ո'չ փոխարինչը. - «Նախարարությունը քայլեր ա ձեռնարկում, որ որևէ դեղագործական կազմակերպություն անպայման դեղի հասանելիությունը ապահովի։ Մենք շատ ենք ստանում նախարարությունում դիմումներ գլխավոր մասնագետներից, բժիշկներից, բժշկական հաստատություններից, և այդ բոլոր հարցերը կարգավորվում ա»։

Հայաստանը հիմնականում դեղ ներկրող երկիր է, ոչ թե արտադրող։ Նախորդ տարի դեղերի շուրջ 27 տոկոսը Ռուսաստանից է ներկրվել։ Հայաստանյան ներկրողներն ասում են, որ Ուկրաինայի հետ պատերազմի հետևանքով այս երկիրը դեռ արևմտյան պատժամիջոցների տակ է, և այնտեղ նույնպես դրսից ներկրման խնդիրներ են առաջանում։

Նախորդ տարի Հայաստանը նաև Ուկրաինայից է դեղ ներկրել՝ շուրջ 4 տոկոս։ Այս երկրում դեղարտադրող գործարանները պատերազմի ընթացքում գնդակոծվել ու այսօր չեն աշխատում։ Դեղ ներկրողներն ասում են՝ այս իրավիճակը նույնպես կաորղ է հանգեցնել թանկացման և առաջացնել որոշակի պակասուրդ։ Այս պնդումն էլ նախարարությունում չեն ընդունում։

Ներկրողներն առաջարկում են, որ նախարարությունը նորից թույլատրի ՀՀ-ում չգրանցված դեղերի ներկրումը։ Տեսախցիկի առաջ չերևալու պայմանով, դեղատներից մեկի աշխատակիցն ասաց, որ դեղի խնդիր վերջերս եղել է, բայց հիմա աստիճանաբար լուծվում է։

XS
SM
MD
LG