Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հրետանային զինամթերքը գրեթե ամբողջությամբ սպառվել է


Ուկրաինայի ռազմական հետախուզության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian-ին ասել է, որ Դոնբասում հրետանային պատերազմ է ընթանում, որտեղ Ուկրաինան պարտվում է։ Հրետանային զինամթերքը գրեթե ամբողջությամբ սպառվել է, ու հույսը մնացել է Արևմուտքի սպառազինությունների մատակարարումների վրա` ըստ նրա:

Սկիբիցկին նշել է, որ ուկրաինական հրետանային մեկ մարտկոցի դիմաց ռուսական կողմը 10-15 մարտկոց ունի։ Յուրաքանչյուր օր ուկրաինական բանակը 5-6 հազար արկ է օգտագործում, խորհրդային ժամանակների ու ռուսական արտադրության արկերը գրեթե ամբողջությամբ սպառվել են, հիմա օգտագործում են ՆԱՏՕ-ի 155 կալիբրի արկեր։

Վադիմ Սկիբիցկիի ներկայացրած պատկերը անուղղակի հաստատել էին ԱՄՆ-ի ռազմական հետախուզության աղբյուրները։ Նրանք ասել էին, որ Ուկրաինան սպառել է խորհրդային ու ռուսական զինամթերքը և հիմա ամբողջովին կախված է Արևմուտքից։

Վաշինգտոնն ԱՄՆ-ի բյուջեից 7 միլիարդ 500 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը Թվիթերում այսօր գրել է, որ Վաշինգտոնն ԱՄՆ-ի բյուջեից 7 միլիարդ 500 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային։ «Մենք կապահովենք, որ Ուկրաինան ուժեղ լինի», - գրել է նա:

Ռուսաստանի ռազմարդյունաբերության որոշ ձեռնարկություններ սկսել են աշխատել երեք հերթափոխով, այս մասին ասել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Անդրեյ Ելչանիկովը, նշելով, որ շեշտը դրված է զինամթերքի ապահովման՝ առաջին հերթին գերճշգրիտ զենքի վրա, իսկ մնացածը` ըստ պահանջի՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատեխնիկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենոկվը այսօրվա հաղորդագրությունում ասել է, որ գերճշգրիտ հրթիռային հարվածներով Դնեպրի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է ուկրաինական օդուժի ավիացիոն տեխնիկա. Խարկովի շրջանում ոչնչացվել է սպառազինություններ և ռազմական տեխնիկա վերանորոգող արդյունաբերական ձեռնարկություն, իսկ հակաօդային պաշտպանութանա համակարգերը Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում խոցել են երկու ռազմական օդանավ՝ Սու-25 և Միգ-29։

Ամենածանր իրավիճակը շարունակում է մնալ Դոնբասը

Ուկրաինական զորքերի համար ամենածանր իրավիճակը շարունակում է մնալ Դոնբասը։ Ռուսները դանդաղ առաջ են շարժվում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ ռուսական ուժերը մոտեցել են առանցքային հենակետային նշանակություն ունեցող Բախմուտ քաղաքին։ Հաղորդվում է, որ ռուսների գրոհը մասնակի հաջողություն է ունեցել Վոզդվիժենկա-Ռոտա շրջանում, իսկ այդ բնակավայրը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Բախմուտից։

Լուգանսկի մարզը գրեթե ամբողջությամբ գրաված ռուսական ուժերի համար Դոնեցկի մարզում հիմնական թիրախներմ են Բախմուտը, Սլավյանսկն ու Կրամատորսկը։

Ինչ վերաբերում է ուկրաինական ուժերի գործողություններին, ապա հաղորդվում է, որ օդուժը նախօրեին մի շարք հարվածներ է հասցրել ռուսական զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներին Խերսոնի մարզում։ Ռմբակոծվել են գետն անցնելու համար օգտագործվող ժամանակավոր պոնտոնային կամուրջը և հինգ բնակավարերի մոտ տեղադրված զինմթերքի դաշտային պահեստներ։

Զելենսկին կրկին կոչով դիմել է եվրոպական առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերվա տեսաուղերձում խոսել է պատերազմից ստացած դրական լուրերի մասին․ «Մենք որոշ դրական հաղորդագրություններ ունենք Զապորոժիեի շրջանից, որտեղ խափանվել են զավթիչների ծրագրերը։ Մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում Խարկովի շրջանում և ազատագրում մեր տարածքները, շարունակում ենք դիմադրել Նիկոլաևի ուղղությամբ»,- ասել է նա` նշելով, որ զավթիչների գլխավոր թիրախները մնում են Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը և Դոնբասի մյուս բնակավայրերը։

Նույն տեսաուղերձում Զելենսկին եվրոպական առաջնորդներին ևս մեկ անգամ կոչ է արել սատարել Եվրամիությանն Ուկրաինայի ինտեգրմանը։

«Մենք շարունակում ենք ամենօրյա ակտիվ աշխատանքը Եվրամիության բոլոր երկրների հետ, որպեսզի թեկնածու դառնալու կարգավիճակն այնտեղ ընդունվի։ Եվրոպացիների մեծ մասը պաշտպանում է Ուկրաինայի ինտեգրումը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքերով` որոշ երկրներում դեռևս կասկածներ ունեցող քաղաքական գործիչները չպետք է դեմ գնան հասարակության և եվրոպական պատմության ընթացքին։

Bloomberg կայքը, վկայակոչելով անանուն աղբյուրները, երեկ գրել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Եվրահանձնաժողովը ամենայն հավանականությամբ կառաջարկի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։ Եվրամիության գագաթնաժողովում նման որոշում ընդունելու համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը, սակայն ըստ լրատվականի աղբյուրների՝ որոշ երկրներ, մասնավորապես Նիդեռլանդներն ու Դանիան դեմ են, նրանց կարծիքով` Ուկրաինան պատրաստ չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG