Մատչելիության հղումներ

Անահիտ Ավանեսյանը դիմել է ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ


Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանն Ազգային ժողով է դիմել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու խնդրանքով երեկ նախարարությունում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի 3 պատգամավորներ, շրջանցելով ոստիկանական անցակետը, մտել էին նրա խորհրդակցական սենյակ ակցիա անելու։

Ավանեսյանի սենյակ ներխուժած պատգամավորներն իրենց հետ բերել էին անցած տարի մեծ աղմուկ բարձրացրած կադրերից| լուսանկարներ դիահերձարանից, որտեղ 44-օրյա պատերազմի զոհերի աճյունները պահված էին ոչ պատշաճ պայմաններում, պարկերով դրված էին դիահերձարանի հատակին։

Ակցիայից անմիջապես հետո պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրառում արեց՝ հիշեցնելով, որ այդ միջադեպից հետո Ավանեսյանն այդպես էլ հրաժարական չտվեց։

Մինչ պատգամավորը իր ու 2 գործընկերների երեկվա արածը քաղաքական ակցիա է անվանում, առողջապահության նախարարն ասում է՝ տեղի ունեցածը խուլիգանություն էր, ավելացնում, որ պատգամավորական մանդատ դեռ չի նշանակում իրավունք ունենալ նման վարք դրսևորելու. «Ես կարծում եմ, իհարկե, Ազգային ժողովում համապատասխան էթիկայի հանձնաժողովը, որը ստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը և կքննի նաև համատեքստում այդ անձանց կողմից ընդհանուր առմամբ պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքը և կոնկրետ դեպքը, և խստորեն արձագանք կլինի դրան համապատասխան»։

Ավենեսյանի դիմումից հետո, ըստ կանոնակարգ օրենքի, Ազգային ժողովում կորոշեն՝ իսկապես պե՞տք է ստեղծել հանձնաժողով, թե ոչ։ Եթե այն ստեղծվի, կքննի պատգամավորների վարքագիծը, կտա եզրակացություն 2 ամսվա ընթացքում, սակայն այդ եզրակացությունը չի կարող ենթադրել պատգամավորներին առնչվող որևէ իրավական գործընթաց և կմնա միայն էթիկական գնահատականի շրջանակում։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողովին դիմելն իրենց վախեցնելու փորձ է

«Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանը հակադարձում է՝ չի ցանկանում ինքն իրեն պաշտպանել, ասում է՝ ժամանակը կտա գնահատականն իրենց ակցիայի մասին. «Իսկապես շատ կցանկանայի, որ մեր երկրում ամեն ինչ քննվեր, ստանար արդար պատասխանը, և բոլոր մեղավորները պատժվեին, օրինակ՝ քննվեր՝ ինչպես ստացվեց, որ տղաների աճյունները պահվեցին այդպես, բոլոր պատասխանատուները պատժվեին»։

Մյուս կողմից՝ պատգամավորը ենթադրում է, որ էթիկայի հանձնաժողովին դիմելն իրենց վախեցնելու փորձ է, ասում է՝ չի ստացվի. «Օգտագործում են ցանկացած գործիք, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց վրա ճնշում գործադրելու համար։ Իրենց թվում է, որ հիմա փողոց դուրս եկած մարդկանց կարելի է ճնշել քրեական գործերով, զանգերով, կարելի է ճնշել օրինակ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին լուրով կամ այդ հանձնաժողովը ստեղծելով»։

Ոչ թե վախեցնելու, այլ քաղաքակիրթ հարաբերվելու դրդելու փորձ է որակում Անահիտ Ավանեսյանը էթիկայի հանձնաժողովին դիմելու նախաձեռնությունը։ Նա վստահեցնում է՝ պատգամավորները կարող էին հեշտությամբ, նախապես պայմանավորվելով, հանդիպել իր հետ առանց «գռեհիկ շոուի կամ ներկայացման»։

«Ազգային ժողովը բաց է, 21 թվականի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, և նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, նաև ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարների հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն», - նկատեց նա։

Ազգային ժողովից հայտնում են, որ ստացել են Առողջապահության նախարարությունից ուղարկված դիմումը, առաջիկայում կհայտնեն՝ էթիկայի հանձնաժողով կստեղծվի, թե ոչ։

Անահիտ Ավանեսյանը դիմել է ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

XS
SM
MD
LG