Մատչելիության հղումներ

Կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը


Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը, հայտնում է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Զուգահեռ ընթանում է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Նրանք հայտարարում են, որ հստակ ուղերձ ունեն Լավրովին։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես ասաց, որ Հայաստանի գործող իշխանությունների հետ «ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու»։

Լավրովը երեկ է ժամանել Երևան։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լավրովը Միրզոյանի հետ քննարկելու է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր, ինչպես նաև նախատեսվում է քննարկել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021-ի նոյեմբերի 26-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։

Լավրովի հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։

Ռուսաստանի արտգործնախարարը Երևան է ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ:
XS
SM
MD
LG