Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ ԱԳՆ-ը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:
Արտգործնախարարն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին: