Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ԵՄ դեսպանից պահանջում են դատապարտել օրերս կառավարական առանձնատների մոտ կատարվածը


«Բացեք աչքերը», «Դատապարտեք բռնությունը» պաստառներով իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն այսօր կեսօրին քայլերթով շարժվեցին Հայաստանում եվրամիության ներկայացուցչություն՝ դեսպան Անդրեա Վիկտորինից պահանջելով դատապարտել օրերս այս նույն հատվածում կատարվածը:

«Հենց այս հատվածում ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ, զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Անցած ուրբաթ կառավարական առանձնատների մոտ ցուցարարների և ոստիկանության բախման ժամանակ իրավապահները մեկ ամսից ավելի ընթացող ցույցերի ընթացքում առաջին անգամ հատուկ միջոցներ կիրառեցին, բախումների հետևանքով 6 տասնյակ քաղաքացի տուժեց։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դեսպան Անդրեա Վիկտորինին ուղղված գրությունն ընթերցեց՝ ընդգծելով՝ ոստիկանությունն այդ օրը կոպտորեն ոտնահարել է ցուցարարների իրավունքները:

«Նույն այս դեսպանատունը 2018 թվականին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա միայն լուռ է: Եվ այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները, սա փաստ է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ ելույթ ունեցավ. «Դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թե Նիկոլին և իր աթոռը»:

Արամ Վարդևանյանին հարցրինք՝ ինչո՞ւ նման ակցիաներ այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի դեսպանատան առջև չեն իրականացնում, այս երկրի դեսպանը նույնպես ուրբաթ օրվա բախումների մասին որևէ հայտարարություն չի արել։ Պատգամավորը պատասխանեց՝ միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներին այս ամենը ներկայացնելու են, բայց նաև հավելեց՝ Արևմուտքն է Հայաստանը ժողովրդավարական համարում, իսկ Ռուսաստանից նման հայտարարություններ ինքը չի լսել:

«Ռուսաստանի Դաշնությունը նման դիրքորոշում հայտնե՞լ է, ես չեմ լսել, զուտ հետաքրքրության համար եմ ասում: Այն, որ Երևան քաղաքի կենտրոնում, սրտում նռնակ է օգտագործվում, դրա մասին պետք է խոսեն բոլոր դեսպանատները, ես կիսում եմ այդ կարծիքը», - ընդգծեց Վարդևանյանը:

Շաբաթներ առաջ մայրաքաղաքում անցկացված ժողովրդավարության ֆորումի ընթացքում ԵՄ դեսպանը անդրադարձել էր ցույցերի ժամանակ ուժայինների գործողություններին՝ շեշտելով՝ պետք է հետաքննել՝ պարզելու՝ արդյոք եղե՞լ են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:

«Արդյոք եղել է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում, դա պետք է հետաքննել։ Դա նորմալ գործընթաց է, որ տեղի է ունենում բոլոր ժողովրդավարական երկրներում։ Պետք է դատարանը որոշի։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում էլ նույնը տեղի կունենա։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները և ոստիկանությունը պետք է հետևեն օրենքի տառին», - ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն Անդրեա Վիկտորինը:

Ակցիայի ընթացքում Եվրամիության ներկայացուցչությունից ոչ ոք ցուցարարներին լսելու դուրս չեկավ: Մինչ ընդդիմադիրները ԵՄ ներկայացուցչության դիմաց դեսպանից պահանջում էին դատապարտել ուժայինների գործողությունները, Անդրեա Վիկտորինը Դիլիջանում մասնակցում էր համայնքներում բիզնեսի և տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրի բացմանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG