Մատչելիության հղումներ

Նուրգալիև. Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը ձեռնտու էր Արևմուտքին


ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ, ՆԳ նախկին նախարար Ռաշիդ Նուրգալիև, արխիվ

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը ձեռնտու էր Արևմուտքին», - նախօրեին «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, 2004-ից 2012 թվականներին երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռաշիդ Նուրգալիևը։

«Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց էր հասունանում՝ դեռ խորհրդային տարիներից։ Եվ այն, որպես լարվածության ստեղծման առիթ, շատ ձեռնտու էր Վաշինգտոնին», - պնդում է ռուսաստանցի պաշտոնյան։

Նուրգալիևի պնդմամբ՝ Արևմուտքը որևէ ջանք չէր գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։

«Այդ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել Արևմուտքը չէր էլ պատրաստվում։ Այն շահագրգռված էր ծխացող և պարբերաբար բռնկվող հակամարտությունների գոյությամբ՝ հակամարտություններ, որոնք կխաթարեին հարևան պետությունների կայուն կյանքը», - ռուսական թերթի հետ զրույցում նշել է Նուրգալիևը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, թե մեծ տերություններից հատկապես որ մեկը դադարեցրեց 2020 թվականի աշնանը բռնկված 44-օրյա պատերազմը։

«Ռուսաստանից բացի որևէ մեկը ձեռնամուխ չեղավ այս խնդրի խաղաղ կարգավորմանը։ Մոսկվայի միջնորդությամբ էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը, գերիների և զոհվածների դիերի փոխանակում կազմակերպել։ Բացի այդ, շփման գծի երկայնքով ռուսաստանցի խաղաղապահներն են տեղակայված», - հիշեցնում էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը՝ հատուկ ընդգծելով. - «Այդպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի հաջող դադարեցումից հետո Ռուսաստանն ուժեղացրեց իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում։ Այսօր Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»։

Նուրգալիևի՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված այս հարցազրույցը լի է Արևմուտքի հասցեին հնչող մեղադրանքներով։ Ռուսաստանցի պաշտոնյան նույնիսկ պնդում է, թե Արևմուտքի ծրագրերից մեկը հետխորհրդային տարածքում գործող միջպետական կառույցների ոչնչացումն է։

«Որպես իր երկարաժամկետ ծրագիր Արևմուտքը դիտարկում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի վերացումն ու դրանց տեղում միմյանց հետ հակամարտող պետությունների ի հայտ գալը», - նշել է Նուրգալիևը։

Ռուսական պաշտոնաթերթի հետ զրույցում բարձրաստիճան ուժայինը չի շրջանցել նաև հետխորհրդային տարածքում առկա հումանիտար խնդիրները՝ հայտարարելով, թե Մոսկվայի նպատակներից մեկը ԱՊՀ անդամ բոլոր պետությունների համար Երկրորդ համաշխարհային պատերազմի միասնական դասագրքի ստեղծումն է։

«Մոտ ապագայում ԱՊՀ երկրները նախատեսում են սկսել Հայրենական մեծ պատերազմի պատմությանը վերաբերող միասնական ձեռնարկների մշակումը», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

XS
SM
MD
LG