Մատչելիության հղումներ

Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհուրդն առաջին նիստն է անցկացրել


Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհուրդն այսօր, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անդրանիկ նիստն է անցկացրել՝ տեսակապի միջոցով։

Համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով, ասել է վարչապետը՝ շեշտելով՝ խորհուրդն, օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով, աջակցելու է Հայաստանի կառավարությանը։

Նշելով, որ որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար՝ գործադիրի ղեկավարն ասել է՝ Հայաստանը բացառություն չէ:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը տնտեսական բարձր աճ է գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։ Ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը, գործադիրի ղեկավարի համոզմամբ, մեծապես կախված կլինի այսօրվա բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից:

«Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը», - ասել է վարչապետը։

Ըստ կառավարության, նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին՝ Հայաստանում:

Խորհուրդը բաղկացած է Հայաստանի և օտարերկրյա գիտնականներից, հասարակական գործիչներից, փորձագետներից և Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվող այլ անձանցից։ Պետական մարմինները նիստերին կարող են մասնակցել խորհրդի նախագահի հրավերով։ Խորհուրդը կարող է դիմել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար։ Որոշման մեջ նշված է, որ «խորհրդի անդամները որևէ քաղաքական կամ մասնավոր ուժի կողմից չեն կարող ուղղորդվել կամ վերահսկվել, ինչպես նաև իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս պետք է ձեռնպահ մնան ուղղակի կամ անուղղակի ձևով արտահայտելու որևէ քաղաքական կամ մասնավոր ուժերի շահեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG