Մատչելիության հղումներ

Անգամ Գոնսալեսն է եկել ժողովրդին փրկելու, բայց մերժվածները չեն կարող վերադառնալ. Անդրանիկ Քոչարյան


«Եթե տեսնեինք այն օրակարգը, որը կարող է մեր երկրի խնդիր լուծել, բնականաբար, կմասնակցեինք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով, որը չմեկնարկեց՝ քվորումի բացակայության պատճառով։

Մեկ ամիս փողոցում պայքար ծավալող ընդդիմությունը համոզված է՝ իշխանությունը ժողովրդի թիկունքում բանակցություններ է ունենում առանց կարմիր գծի: Կասկած չունեն՝ Փաշինյանն արդեն իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը: Հենց դա էր պատճառը, որ սկսեցին իրենց պայքարը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, իր հերթին, հայտարարել էր, որ Արցախի ու սահմանագծման հարցով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը կեղծ գործընթաց է համարում։

«Ազատություն». - Ինչո՞ւ չմասնակցեցիք արտահերթ նիստին:

Քոչարյան. - Եթե մենք տեսնեինք այն օրակարգը, որը անհրաժեշտ է այսօր և կարող է մեր երկրի համար խնդիր լուծել, բնականաբար, կմասնակցեինք:

«Ազատություն». - Սրանից էլ լավ հնարավորությո՞ւն նորից վերադարձնել խորհրդարանական հարթակ, նաև նիստին ձեր հակափաստարկները բերեք:

Քոչարյան. - Խորհրդարանական հարթակը միայն նիստերը չեն, նաև ամենօրյա հանձնաժողովների աշխատանքն է, լիագումար նիստերն են: Իրենք արդեն մեկ ամսից ավելի է՝ անհետացել են, քվորում չի լինի, իրենք կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ և սակավաթիվ իրենց աջակիցներին կներկայացնեն մի ամպագոռգոռ տեսակետ, որ իշխանությունները վախեցան, չեն ցանկանում մասնակցել իրենց դարակազմիկ ծրագրին, բայց եթե դարակազմիկ լիներ, անպայման իրենք այս մեկ ամսվա մեջ կունենային այնպիսի աջակցություն, որ իշխանությունները չէին կարող նաև չմասնակցել նույնիսկ անտրամաբանական օրակարգին:

«Ազատություն». - Պարոն Քոչարյան, այս մեկամսյա հավաքներին մարդկանց մասնակցության քանակ, ակտիվություն, սակավամարդ եք ասում, ձեզ չի՞ անհանգստացրել, այնուամենայնիվ:

Քոչարյան. - Արդյունքում եղավ այն, որ որպեսզի դեմքը փրկեն իրականացրեցին կառավարական շենքի վրա հարձակում, ու արդյունքը եղավ քրեական գործեր և արդեն երկու օր է՝ նույնիսկ փողոց փակելու ծրագիր չունեն: Չի փակվում փողոցը, ինչքան էլ ուզում է ասեն, 5 հոգով փակեն, ասեն՝ 50 հազար է, 50 հազարի մեջ չի խնդիրը, խնդիրը լուծվում է ընտրություններում, իսկ ընտրություններում այս խնդիրը լուծվել է, մերժվածները ևս մերժվել են: Ուզում են 100 անգամ ընտրություններ անենք, մերժվածները չեն կարող վերադառնալ իշխանության՝ ժողովրդի քվեով: Ժողովուրդը կարող է քվեն տալ մեկ ուրիշին, չտալ գործող իշխանությանը, բայց մերժվածներին երբեք չի տալու:

«Ազատություն». - Հազարավոր մարդիկ եղել են այդ հրապարակում առնվազն մայիսի 1-ին, ովքե՞ր են նրանք, պարոն Քոչարյան:

Քոչարյան. - Այո, հազարավոր մարդիկ եղել են, դուք տեսել եք նաև հայտնի նախկին իշխանությունների կամ նրանց շուրջ համախմբված մարդկանց՝ ֆինանսական շրջանակների, իշխանական շրջանակների, նույնիսկ Գոնսալեսը, Գոնսալեսի եղբայրը եկել են փրկեն մեր ժողովրդին: Եթե այդքան ուզում են մեր ժողովրդին ու Արցախը փրկեն, Արցախի փրկության բանալին գտնվում է Արցախում: Նույն Ռոբեր Քոչարյանը, իր թիմակինցերը և իր տղաները, տղան, մեկին չենք տեսել, մյուսին, էդ բուղեքը, որ հավաքված նույնիսկ 5-6 կարմիր բերետավոր չեն կարողանում առանց հատուկ միջոցների բերման ենթարկեն, այ դրանց կարիքը ունի մեր զինված ուժերը:

Նույն Խաչատուրովի տղան, քո հայրը եղել է Գլխավոր շտաբի պետ, դու, քո թիմակիցները եթե շատ եք ուզում, որպեսզի մեր երկրի պաշտպանության հետ կապված խնդիրներին մասնակից լինեք, դրա տեղերը ու ձևերը շատ լավ գիտեք: Դուք ձգտում եք իշխանության, բայց իշխանության ձգտելու համար էլի մի պարզ բանաձև կա, որը դուք չեք ներկայացնում ձեր համակիրներին, ընտրություններն են: Իշխանություններին պետք է պարտադրեք ընտրություններ, բայց պարտադրելու համար էլ պետք է ունենաք ժողովրդական աջակցությունը մեկ տարի առաջ տրվել է այսօրվա գործող իշխանությանը: Ի՞նչ է տեղի ունեցել մեկ տարվա ընթացքում, որ պետք է մեր ժողովուրդը երես թեքի այն իշխանությունից, որին տվել է իր քվեն:

«Ազատություն». - Մեկ տարի անց ուզում են ձեզնից լսել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», դա կլինի Հայաստանի կարմիր գիծը և ըստ այդմ եթե չեք ասում, հետևաբար կարող է նշանակել, որ և կլինի Ադրբեջանի կազմում:

Քոչարյան. - Դա բառախաղ է, մենք գտնվում ենք ակտիվ բանակցային փուլում, և իրենք դրանով ուզում են խոչընդոտել այդ բանակցային փուլը: Բանակցությունների այս ամբողջ 30 տարվա ընթացքը խոսում է նրա մասին, որ իրենք սխալ ձևաչափերով են բանակցել:

«Ազատություն». - Այդ փաստաթղթում նաև առաջարկվում է՝ մինչև գերիները հետ չգան, մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից մի սկսեք սահմանազատման աշխատանքները:

Քոչարյան. - Դա իրենց օրակարգն է, իշխանությունն ունի իր օրակարգը, որի անունը դրված է խաղաղության օրակարգ, իրենց օրակարգը խաղաղության տրամաբանության հետ ոչ մի կապ չունի, աղերս չունի: Իրենք ընդամենը ստեղծում են իրենց համար միջավայր իշխանություններին խանգարելու և այդ խանգարելու համար պարզ է, այսօր բավարար մարդկային ներուժ չունեն:

«Ազատություն». - Ձեր նախընտրական ծրագրից չե՞ն բխում այս ամենը, մեկ տարի առաջ ասում էիք՝ անջատում հանուն փրկության:

Քոչարյան. - Իսկ անջատում հանուն փրկության օրակարգը փոխվե՞լ է:

«Ազատություն». - Չեք ասում այլևս, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Քոչարյան. - Ուրեմն տվյալ պահին չենք ասում, որովհետև գտնում ենք, որ հիմա շատ բաներ անիմաստ հնչեցնելու ժամանակը չի, հիմա գործելու ժամանակն է:

XS
SM
MD
LG