Մատչելիության հղումներ

Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողները


44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մի խումբ ադրբեջանցիները նախօրեին Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերի նախարարության դիմաց և չստանալով իրենց հարցերի պատասխանը՝ ներխուժել են շենք։

«Մեր պահանջը պետությանն է ուղղված։ Թող տան մեզ հասանելիքը։ Ինչո՞ւ մենք պետք է խնդրենք, որ մեզ նպաստ տան, որ հոգանք մեր ծախսերը։ Մեզ ամոթով են թողնում, արդեն հոգնել ենք», - ասում է բողոքավորներից մեկը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ցուցարարները պետությունից պահանջում են իրենց հաշմանդամության կարգ ու համապատասխան թոշակ տրամադրել։ Պատերազմի մասնակիցները վրդովված են բյուրոկատական քաշքշուկների պատճառով: Նրանք պնդում են, թե նախարարությունը հիմնականում նրանց դիմումները մերժում է, իսկ հաշմանդամության կարգ սահմանող հանձնաժողովներ մեծ ուշացումով են հրավիրվում:

«Ասում են մյուս շաբաթ եկեք, հետո էլ՝ հաջորդ շաբաթ եկեք, հետո էլ վեց ամիս հետո են կանչում: Այդպես ոչինչ էլ չեն վճարում, մեզ միայն տանում-բերում են: Չենք կարողանում հանդիպել նախարարի հետ», - ասում է ցուցարարներից մեկը: - «Փետրվար ամսին ես հանձնաժողովի քննություն եմ անցել, ըստ կարգի, 14 օրվա ընթացքում պետք է պատասխանեին: Փետրվարից 3-4 ամիս անցավ, բայց ոչ մի պատասխան չեղավ: Անհանգստացանք ու զանգեցինք, ասացին ընթացքի մեջ է: Սա ինչ համակարգ է, այնպիսի համակարգ ստեղծեք, որ միանգամից պատասխանեն, 14 օրում արձագանքեն»:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը դուրս գա և լսի իրենց: Մերժում ստանալով՝ նրանք կոտրել են դռան ապակին ու ներխուժել ընդունարան, որտեղ ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև:

Ի վերջո, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետը հանդիպել է դժգոհող քաղաքացիների հետ՝ հայտարարելով.- «Ամեն մի դիմում գրանցվել է, ուսումնասիրվում է և արդյունքների համաձայն ընթացք կստանա»:

Նախարարության ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ որոշ ցուցարարների համար թոշակ չեն կարող սահմանել, քանի որ նրանք լուրջ վիրավորում չեն ստացել:

«Անցած օրը ինձ զանգեցին ու հանձնաժողովի կանչեցին: Ես երկու անգամ անցել եմ այս հանձնաժողովով, ինձ ասել էին, որ այլևս գալու կարիք չկա: Հետո տեսա, որ դեռ անցած տարի ուղարկված իմ դիմումը մերժել են: Ես մինչ օրս դեղերով եմ ապրում»:

Նախարարությունից հայտնել են, թե վերջին պատերազմի ժամանակ վիրավորված, ապա բուժում անցած անձանց հաշմանդամության գնահատման աշխատանքներով մի քանի պետական կառույցներ են զբաղվում: Ըստ նախարարության, պատերազմի 3 հազար վետերան արդեն ստացել են հաշմադամության կարգ ու թոշակ: Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտարարել է, թե երեկվա ակցիայի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն շենքում անկարգության և պետական գույքը վնասելու համար:

Ադրբեջանում վերջին պատերազմի մասնակիցները առաջին անգամը չէ, որ դժգոհում են պետության սոցիալական քաղաքականությունից: Անցած ամիս Սոցիալական պաշտպանության նախարարության մոտ հավաքվածներն ասում էին, որ դեկտեմբերից ի վեր չեն ստացել իրենց նպաստները:

Տարեսկզբին էլ ադրբեջանցի վետերանները ցույց էին արել պաշտպանության նախարարության մոտ՝ բողոքելով, որ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իրենց։ Նրանք իշխանություններից բացատրություն էին պահանջում, թե ինչու չեն ստացել իրենց հասանելիք մեդալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG