Մատչելիության հղումներ

Մայիսի 30-ի դեպքով կասկածյալ, մեղադրյալ ոստիկաններ չկան, մեղադրանք է առաջադրվել 8 ցուցարարի


Մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի դիմաց տեղի ունեցած դեպքով մեղադրանք է առաջադրվել 8 ցուցարարի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացիները մեղադրվում են բռնություն գործադրելու ու իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն ու Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանն այս գործով արդեն 2 ամսով կալանավորվել են:

Մինչդեռ մայիսի 30-ի ընդհարումից հետո ոչ կասկածյալ, ոչ էլ մեղադրյալ ոստիկաններ չկան։ Ընդհանրապես վերջին մեկ ամսում ընդդիմության ցույցերի ընթացքում որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, չնայած ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից առերևույթ բռնությունների դեպքերով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, 10-ից ավելի քրեական գործեր են հարուցվել։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի կարծում, որ իրավապահների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործում նախաքննական մարմինները միտումնավոր հապաղում են։

«Ժամանակին տարիներ շարունակ ունեցել ենք, որ ծառայողական քննությունները տևել են գոնե մի քանի ամիս: Սա հիմա լավ ժամկետ է, վատ ժամկետ է, այսպիսին է եղել մշտապես ոստիկանության աշխատանքը: Ես հատուկ տեսակի թաքցնել, հատուկ տեսակի դանդաղում այստեղ չեմ նկատում: Իհարկե, նաև մենք բոլորս տեսնում ենք, որ լինում են գործեր, որ տևում է 1-2 ամիս նախաքննությունը, լինում են դեպքեր, որ նախաքննությունը մի քանի տարի է տևում: Հիմա ձեր կասկածներն ու մտահոգությունները փարատելու համար պետք է դիմել համապատասխան մարմիններին», - ասաց Անդրեասյանը:

Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների աշխատանքը փայլուն, պրոֆեսիոնալ ու համաչափ է գնահատում արդարադատության նախարարը, սակայն շեշտում է՝ բացառությամբ մի քանի անընդունելի միջադեպերի։ Անդրեասյանն անհրաժեշտ է համարում այդ դեպքերով ծառայողական քննությունների ու անգամ քրեական գործերի հարուցումը։

«Որևէ բռնություն, որևէ ընդդիմադիր իշխանական գործչի, ուղղակի անցորդի նկատմամբ կամ որևէ նույնիսկ քննադատող, հայհոյող մարդու նկատմամբ ուղղակի անթույլատրելի է և ցանկացած բռնություն պետք է ստանա քրեաիրավական հետևանք», - նշեց նախարարը:

Ինչպե՞ս է ստացվել, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած բախումից հետո, երբ քաղաքացիները փորձում էին կառավարության երրորդ մասնաշենք մտնել, ցուցարարների նկատմամբ արդեն քրեական գործեր ու մեղադրյալներ կան, իսկ ոստիկան գործողությունների առնչությամբ դեռ միայն ծառայողական քննություններ ու ուսումնասիրություններ են անցկացվում, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հստակ գնահատական չտվեց։

«Առերևույթ որևէ նման միջոցների գործադրումը առանց կենտրոնանալու և թելադրելու քրեական գործի նախաքննության ընթացքի նկատմամբ պիտի առերևույթ արվեն նաև պատշաճ ջանասիրությամբ, որպեսզի որևէ կանխակալ, օբեկտիվ դիտորդի մոտ որևէ նման տպավորություն չստեղծվի, որ կարող է, օրինակ, երկու օրվա ընթացքի տարբերությամբ այսպես կանխակալ վերաբերմունք է դրսևորվում: Եվ, բնականաբար, մենք հետամուտ ենք լինելու թե՛ նախորդների՝ մեր ծանուցված դեպքերի ընթացքին, որովհետև մենք պիտի նաև հետևենք կարգապահականները ինչպիսի տեղ բերեցինք, քրեական վարույթը և այլն», - ասաց Գրիգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը, մինչդեռ, հայտարարում է, որ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում գրասենյակն արձանագրել է, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, միևնույն ժամանակ Գրիգորյանը շեշտում է՝ երկուշաբթիի լարվածությունը բարձր էր, ի տարբերություն նախորդ օրերի։

Մայիսի 30-ի դեպքով կասկածյալ, մեղադրյալ ոստիկաններ չկան, մեղադրանք է առաջադրվել 8 ցուցարարի
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

XS
SM
MD
LG