Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց սպաներին բնակարանով ապահովելու որոշումը


Կառավարության շենքը Երևանում

Այս տարվա հուլիսի 1-ից սկսած ռազմաուսումնական հաստատություններ դիմող յուրաքանչյուր սպա, ուսումն ավարտելուց և որևէ զորամասում պաշտոն ստանալուց հետո բնակարան կստանա․ կառավորությունը որոշումն այսօր ընդունեց և ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման։

Բնակարանը սպան, սակայն, չի կարող վաճառել, քանի որ բնակարանի սեփականության վկայականը կտրամադրվի ծառայության 20-ամյա պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ծառայության ժամանակ զինվորի մահանալու կամ զոհվելու դեպքում, հատկացված բնակարանը, սեփականության իրավունքով, կտրամադրվի նրա ընտանիքի անդամներին։

«Բնակարանի արժեքը սահմանված է հիփոթեքային վարկավորման համար դեռ 2019 թվականից, առավելագույն շեմը 28,5 միլիոն դրամ է», - ասաց Պապիկյանը։

Սա բնակարան ստանալու ծրագիր չէ, սպա դառնալու ծրագիր է, նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ վերահսկելու են կրթության ընթացքը՝ համոզված լինելու, որ ավատելուց հետո նրանք լավ սպա են՝ բոլոր գիտելիքներով, հմտություններով և կարողություններով։

Պապիկյանը փոխանցեց, որ Պաշտպանության նախարարության համաֆինանսավորմամբ ներկայումս տարեկան, ծառայության մեջ գտնվող սպաների համար, 500 հիփոթեքային տեղ է հատկացվում, այս տարի դիմորդների ցուցանիշն, ըստ նախարարի, կրկնակի գերազանցում է կառավարության կողմից տրամադրվող տեղերի քանակը։

XS
SM
MD
LG