Մատչելիության հղումներ

Ըստ Ավետիքյանի՝ հետպատերազմական հատուցումների գործընթացը դժվարանում է երբեմն խճճված փաստաթղթերի պատճառով


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, արխիվ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, արխիվ

Զոհված զինծառայողների, անհետ կորածների ընտանիքներ ու ծանր վիրավորում ստացած զինվորներ. 3 հազար 155 ընտանիքի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դրամական հատուցում է տրամադրել։

Զոհված զինծառայողի ընտանիքը 10 միլիոն ստանում է միանվագ, իսկ մնացածը՝ 20 տարվա ընթացքում՝ 58-82 միլիոն դրամ է ամբողջ գումարը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի տեղեկացմամբ՝ զոհված զինվորների ընտանիքներից 1800-ը արդեն գումարն ստացել է:

«Ուզում ենք ապրիլի վերջ այլևս գրեթե չունենանք որևէ զոհված ​զինծառայողի ընտանիք, որը հատուցում չի ստացել, այս ամսվա վերջ», - նշեց Ավետիքյանը:

35-ամյա պայմանագրային Սուրեն Սարգսյանը զոհվել է հոկտեմբերին՝ Ջաբրայիլում: Նրա խնամքին ընտանիքն է՝ 10-ամյա դուստրը, թոշակառու ծնողները: Ընտանիքն ամիսներ շարունակ սպասում է որևէ աջակցության, նախևառաջ զինծառայողի գերեզմանը սարքելու համար:

«Ոչ մի բան ոչ տվել են, ոչ էլ: Կարող ա տան մի տարի հետ, բայց էդ երեխան ապրուստ չունի, մենք հնարավորություն չունենք, որ մի բան անենք», - ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Անահիտ Գևորգյանը:

Մայրը տեղը չի գտնում, բոլոր թղթերը հավաքել ու դեկտեմբերի 15-ին տարել է Սյունիքի մարզպետարան՝ երեք ամսից ավելի է՝ ոչ մի պատասխան. «Ես թոշակառու կին եմ, ամուսինս թոշակառու ա, իմ երեխան զոհվել ա, էն երեխան ոչ նպաստ ա ստանում, բա էդ երեխան ինչո՞վ ապրի»:​

Ընտանիքները փաստաթղթերը թաղապետարան կամ մարզպետարան են ներկայացնում, այնտեղից Պաշտպանության նախարարություն, ապա հիմնադրամ. այստեղ էլ զանազան վկայականների ու տեղեկանքների ճշտումներն են անում:

Հիմնադրամից տեղեկացանք, որ սյունեցի զինծառայողի փաստաթղթերը դեռևս այստեղ չեն հասել, Պաշտպանության նախարարությունում են։ Վարուժան Ավետիքյանը շեշտում է՝ հետպատերազմական հատուցումների այս գործընթացը հեշտերից չէ, ոչ միայն ծավալների առումով. շատ դեպքերում ընտանիքներում չկարգավորված հարցեր են ու խճճված փաստաթղթեր:

«Հաճախ ընտանիքները մասնատված են, ամուսնալուծություններ են, կրկնակի ամուսնություններ, այլ կանանցից երեխաներ, չգրանցված ամուսնություններ, որոնք երկար ժամանակ իրար հետ են: Ընտանիքի մի մասը երկրում չէ, ուրեմն ստիպված պետք է գտնենք մենք այդ շահառուին, որովհետև եթե կա շահառու, մենք պետք է գտնենք այդ շահառուին», - նշեց հիմնադրամի տնօրենը:​

Վարուժան Ավետիքյանը միանգամից բացառում է սուբյեկտիվության որևէ գործոն, սգակիր ընտանիքներից, ճիշտ է, երբեմն ուղղորդող զանգեր են ստանում. «Զանգեր կամ նամակներ ենք ստանում, ասում են՝ խնդրում եմ՝ հորը մի տվեք, հայրը երեխային չէր նայել: Ասում ենք՝ մենք այդ որոշումը կայացնելու իրավունք չունենք, հայրն է, գումարը պետք է ստանա, պետք է գտնենք հորը, փողը պետք է տանք, իր երեխան է ի վերջո»:​

Պատերազմի ավարտից մինչև այժմ անհայտ կորածների 1063 ընտանիք է հատուցում ստացել՝ ամսական 300 հազար դրամ։ Թիվը գնալով նվազել է, քանի որ տղաները կա՛մ հայտնաբերվել են զոհերի, կա՛մ գերեվարվածների ցուցակներում: Այս պահին անհայտ կորածի 638 ընտանիք է փող ստանում: Հիմնադրամի հատուցումների գծով փոխտնօրենը շեշտում է՝ այս թիվը տվյալ պահին անհետ կորած համարվող տղաների թիվը չէ. «Այս թիվը խիստ փոփոխական է, և հնարավոր է մենք այս խոսակցությունից 5 րոպե հետո ստանանք նոր տվյալ, որ ենթադրենք ևս 5 հոգի անհետ կորածներից հուղարկավորվել են կամ ի հայտ են եկել ևս 10 անհետ կորածներ»:​

Հիմնադրամից հատուցում ստացած՝ զոհված պայմանագրայինների, կամավորների, սպաների ընտանիքների կողքին ամենամեծ թիվը՝ 801 ընտանիք, ժամկետային զինծառայողներինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG