Մատչելիության հղումներ

Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը ներկայացրել է աճուրդի և գումարը կտրամադրի Ուկրաինայի երեխաներին


Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը, Օսլո, 10-ը դեկտեմբերի, 2021թ.
Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը, Օսլո, 10-ը դեկտեմբերի, 2021թ.

2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը մրցանակը ներկայացրել է աճուրդի, որը կիրականացնի Heritage Auctions տունը:

Մուրատովը վաճառքից ակնկալվող ամբողջ գումարը փոխանցելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որն իր խողովակներով օգնություն կտրամադրի ուկրաինացի փախստական-երեխաներին և նրանց ընտանիքներին:

Աճուրդը մեկնարկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և կավարտվի հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը, Նյու Յորքում Մանհեթենի The Times Center համալիրում:

«Մենք երկար ենք մտածել «Նովայա գազետա»-ի խմբագրությունում և որոշել ենք, որ կան մարդիկ, ովքեր մեր համեմատությամբ շատ ավելի վատ վիճակում են: Նրանք փախստականներն են, հիվանդ ուկրաինացի երեխաները, ուրեմն, մենք չպետք է մեզ խղճանք, մենք պետք է օգնենք այս պատերազմի զոհերին, պետք է տալ թանկը, էականը: Փողը կտրամադրվի փախստական երեխաներին՝ Եվրոպայում, Ուկրաինայում կամ Ռուսաստանում, աշխարհում այլևս չկան օտար փախստականներ», - ասել է Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրը:

Մուրատովի հետ անցյալ տարի մրցանակը ստացել է նաև լրագրող Մարիա Ռեսսեն Ֆիլիպիններից:

Ստանալով լուրը, Մուրատովն ասել է, որ մրցանակը նվիրում է զոհված գործընկերների հիշատակին: 2000 թվականից սկսած զոհվել է «Նովայա գազետա» պարբերականի 6 լրագրող:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մուրատովն իր մրցանակը՝ մոտ 40 միլիոն ռուբլու չափով, փոխանցել է ռուսական բարեգործական հիմնադրամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG