Ֆրանսիական առաջատար թերթերից Le Figaro-ում Վրաստանին նվիրված հոդվածը պաշտոնական Թբիլիսին անվանել է «կեղտոտ հակապետական սադրանք»։
Հոդվածը լույս է տեսել «Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, որպեսզի վերադառնա Մոսկվայի ազդեցության գոտի» վերնագրի ներքո։ Դրանում մասնավորապես ասվում է, որ «Պուտինի նախկին թիվ մեկ թշնամին»՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «դանդաղ մահանում է բանտում՝ 54 տարեկան հասակում»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ հոդվածը պատվիրել է Սաակաշվիլիի նախկին խորհրդական Ռաֆայել Գլյուկսմանը։
«Մեր ընդդիմությունը հպարտությամբ կրկնում և մեջբերում է այդ հոդվածն ու այն անվանում աղետ։ Ուզում եմ մեր քաղաքացիներին և մեր հարգելի պատգամավորներին ասել, որ իրականում դա հերթական կեղտոտ հակապետական հոդվածն է», - հայտարարել է Վրաստանի ղեկավարը:
«Ո՞վ է պատվիրել այդ հոդվածը։ Այն պատվիրել է պարոն Գլյուկսմանը։ Դուք հրաշալի գիտեք, թե ով է Ռաֆայել Գլյուկսմանը՝ նա Սաակաշվիլիի խորհրդականն էր, որը սպանել, բռնաբարել և խոշտանգումների է ենթարկել մարդկանց։ Այդ մարդն այսօր Եվրախորհրդարանի պատգամավոր է։ Իսկ հոդվածի հեղինակը Իզաբել Լազերն է՝ Գլյուկսմանի ընկերուհին», - պնդել է վարչապետ Ղարիբաշվիլին։