Մատչելիության հղումներ

Քաղաքացիները փակել էին Երևան-Սևան և Վանաձոր-Սպիտակ մայրուղիները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր Երևան-Սևան մայրուղին էին փակել, որտեղից ոստիկանները նրանց հեռացրել են՝ բացելով ճանապարհը։ Որոշ ժամանակով էլ փակ է եղել Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհը։ Ոստիկանությունից հայտնում են՝ այս հատվածներից երեք մարդ է բերման ենթարկվել։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը («Հայաստան») նշում է. - «Պրոցես է, որ այլևս մեկ կենտրոնից է կազմակերպված։ Բայց շատ հաճախ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ են... Քիչ առաջ տեղեկացա, որ Գյումրիում էլ կա'մ նախատեսել, կա՛մ արդեն արել են։ Բնական պրոցես է, որովհետև ի սկզբանե Դիմադրության շարժման ընդհանուր գաղափարախոսության մեջ հենց դա է, որ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ սեփական քաղաքացիական, քաղաքական դիրքորոշումը պետք է արտահայտեն»։

Թեև ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ այսօր շարունակվելու են անհնազանդության ակցիաները, այդ թվում` նաև մարզերում, սակայն մայրաքաղաքում այսօր չկային բողոքի ակցիաներ ու փակ փողոցներ։ Սաղաթելյանը տեղեկացրել էր նաև, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր հանրահավաք նախատեսված չէ։ Մայիսի 1-ից հրապարակը չորս կողմից փակ պահող ընդդիմադիրները նախորդ շաբաթներին այնտեղ գրեթե ամեն օր հանրահավաքներ, ապա երթեր են իրականացրել։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան


Փոխարենը ընդդիմությունը վաղը՝ Առաջին Հանրապետության օրն է հանրահավաք հրավիրել։ Նախքան հանրահավաքը, սպասվում է ավտոերթ Սարդարապատից դեպի Ֆրանսիայի հրապարակ։

«Բանաձևը հստակ է, սիրելի հայրենակիցներ՝ պահում ենք տեմպը, ավելացնում ճնշումները», - հայտարարել էր Սաղաթելյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենց սկսած պայքարը շարունակելու են, այն չի դադարելու. - «Անհնազանդության ակցիաները այդ պայքարի մեկ հինգերորդ, տասներորդ կամ մեկ երկրորդ մասն են։ Պայքարը շարունակելու ենք, որևէ պահ դադար չպիտի լինի, որովհետև ես ինքս ինձ համար, կամ իմ ընտանիքի համոզմունք է ու շատ ընկերների՝ այս իշխանության ամեն օր, ամեն վայրկյան մնալը ավելի է վատթարացնում մեր վիճակը»։

Ընդդիմությունը մոտ մեկ ամիս է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիներ, քայլերթեր ու հանրահավաքներ է իրականացնում՝ պնդելով, թե գործող իշխանությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Իշխող խմբակցությունից չեն ընդունում այս մեղադրանքները, նաև հայտարարում են՝ վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում։

XS
SM
MD
LG