Մատչելիության հղումներ

Բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով ու պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են. Արարատ Միրզոյան


Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց արտգործնախարար Միրզոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում հայ-ադրբեջանական համաձայնություններին։ Բաքուն երեկ կրկին կիրառել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը, թե առաջնորդների բրյուսելյան վերջին հանդիպմանը այն բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարիուկես, երկու տարի շարունակ կամ ամիսներ շարունակ, և որը ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, մեզ համար այդ տրամաբանությունն անընդունելի է, և կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու՝ բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով ու այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են», - ասաց նա։

Արարատ Միրզոյանը շատ հպանցիկ խոսեց սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական երեկվա առաջին հանդիպումից՝ ասելով, թե աշխատանքային, մեթոդական հարցեր են քննարկվել։ Մինչդեռ շատ արագ հայտնի դարձավ երկրորդ նիստի անցկացման մասին՝ հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ Տեղեկությունն էլ ռուսական կողմը հանրայնացրեց՝ առանց նշելու հանդիպման ստույգ օրը։

Հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը երեկ՝ հանձնաժողովների ստեղծումից բառացիորեն ժամեր անց տեղի ունեցավ։ Միայն հաղորդվեց՝ միջպետական սահմանին, բայց թե հատկապես որ հատվածում, իշխանությունը հրաժարվում է մանրամասնել։

Մոսկվան հայտարարում է, որ իր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր

Ի՞նչ քարտեզներով են բանակցելու, որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը. հայաստանցի պաշտոնյաներից հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալն այս օրերին գործնականում անհնար է։ Փոխվարչապետի գրասենյակից հարցերին չեն պատասխանում։ Մեկնաբանություններից հրաժարվում են նաև հանձնաժողովականները։ Նրանցից արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը խորհուրդ էր տալիս դիմել Մհեր Գրիգորյանի գրասենյակ։

Իշխանական պատգամավորներն էլ հայտարարում են՝ տեղեկություններ չունեն։

Մինչ իշխանական խմբակցությունում տեղյակ չէին, Մոսկվան հայտարարեց, որ արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ, որը հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում խորհրդատվությամբ կօգնի։ Ըստ Արտգործնախարարության խոսնակի՝ իրենց տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Թե ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, Զախարովան չի հստակեցրել։

Առկա գործընթացը միակողմանի զիջումների տրամաբանության ներքո է. Տիգրան Աբրահամյան

Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը։ Սահմանազատման հանձնաժողովի հանդիպումների ինտենսիվության մեջ շտապողականություն են տեսնում։ Թուրքիան ու Ադրբեջանը, ասում է «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը, իրենց օրակարգն առաջ մղելու հնարավորությունը բաց թողնել չեն ուզում։

«Հայտարարում են, թե Հայաստանում ադրբեջանական տարածքներ կան, դրա մասին նաև Նիկոլ Փաշինյանն է խոսել, ասել է, որ երկկողմանի կան տարածքներ, որոնք այս մասում ադրբեջանական են, այն մասում հայկական են։ Իհարկե, Ադրբեջանը որևէ ձևի չի խոստովանում, թե կան նմանատիպ տարածքներ։ Ցավալիորեն այդ մասին միայն խոսում է հայկական կողմը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ առկա գործընթացը միակողմանի զիջումների տրամաբանության ներքո է, և զիջող կողմը մշտապես Հայաստանն է», - նշեց պատգամավորը։

Սահմանազատման աշխատանքների մեկնարկի համար անցած մայիսին Փաշինյանն առաջարկում էր զորքերի հետքաշում։ Իսկ արդեն այս տարի հայտարարում է՝ առաջարկը պնդելը կարող էր ընկալվել իրավիճակը փակուղի մտցնելու քաղաքականություն։
Ընդդիմադիր պատգամավորը սա Հայաստանի զիջողական քաղաքականության վկայություն է համարում. «Հասկանալի է, որ կարող են լինել հարցեր, որտեղ լինեն փոխզիջումներ, որոշակի հարցերի շուրջ մոտեցումների համընկնումներ և այլն, բայց հատկապես պատերազմից հետո, այսինքն՝ այս վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանն անընդհատ զիջում է, Հայաստանն անընդհատ հետ է կանգնում իր առաջադրած սկզբունքներից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ հակառակը՝ անընդհատ ավելացնում են կամ ընդլայնում են նախապայմանները, իսկ Հայաստանն անընդհատ ընդունում է դրանք»։

Հարցին լրագրողների հետ զրույցում երեկ անդրադարձավ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝ ինչո՞ւ Երևանը սահմանազատում սկսեց՝ հրաժարվելով Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքի հետքաշման պնդումից։

Ակնհայտորեն Ռուսաստանին նկատի ունենալով՝ հեգնում էր՝ տեղյա՞կ եք, որ Ուկրաինայում հիմա պատերազմ է՝ մոռանալով, որ նման պնդում նույն այդ պատերազմի ընթացքում արել էր վարչապետ Փաշինյանը՝ ռուսական խաղաղապահ զորախմբից ակնկալելով Փառուխից ադրբեջանական զինուժի դուրսբերումը. «Կենտրոնանում եք հարցերի վրա, որոնք վերաբերելի չեն այսօրվա մարտահրավերներին»։

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովում են միասին աշխատում։
Իսկ հանդիպումների աշխարհագրությունից կարելի է ենթադրել, որ կողմերը նպատակ ունեն Արևմուտք- Ռուսաստան բալանսը պահել։ Մոսկվայից հետո երրորդ հանդիպման վայր է ընտրվել Բրյուսելը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG