Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, Երևանը հերքում է


Երրորդ օրն է՝ վարչապետ Փաշինյանը պարզաբանումներ չի տվել Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների վերաբերյալ` էլ ավելի խորացնելով ընդդիմության մտահոգությունները, թե նա, ինչպես և Ալիևը, Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Փոխարենը Ադրբեջանի նախագահն է այսօր լռությունը խախտել ու Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ զրույցում պնդել՝ կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհների կառուցմամբ։

Կարճ ժամանակ անց Ալիևի այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե «Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»:

Պաշտոնյան պնդեց՝ այս հարցում հայկական կողմի դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել:

Հայաստանի կառավարությունն էլ հաղորդեց, որ վարչապետը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ զրույցում ասել է՝ «հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ», չմանրամասնելով՝ ո՞ւմ, ի՞նչ մեկնաբանությունների մասին է խոսքը:

Արման Եղոյանը պնդում է՝ ճանապարհները գործելու են միջազգային բոլոր օրենքներով

Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելուց բացի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի, նաև համաձայնության են եկել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ նաև սկզբունքներն են համաձայնեցրել՝ ինչպես է կազմակերպվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով, ինչպես են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով, անվտանգություն, տուրքեր ու վարչարարություն։ Բայց այս հայտարարության մեջ հստակություն չկար։

Փաշինյանի թիմակից, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը պնդում է՝ ճանապարհները գործելու են միջազգային բոլոր օրենքներով. «Մաքսատուրքերով և այլն, ամեն ինչով, անձնագրային ստուգում, մաքս, տուրք, հարկ, այսինքն` դա լինելու է պարիտետային սկզբունքով»:

Իսկ ի՞նչ էր նշանակում «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև տարանցում» ձևակերպումը, որ շատերի մոտ կասկածներ առաջացրեց, թե գուցե զիջումներ են եղել։

«Երասխ-Մեղրի, ի՞նչ պետք է նկատի ունենա, այսինքն` այն ճանապարհը, որ մենք իմացել ենք սովետական տարիներին, որ գալիս էր Արաքսի ափով, մտնում էր Մեղրի, Մեղրիից Նախիջևան, Նախիջևանից Երասխ, Երասխից Երևան ու այդպես շարունակ: Պարզ բան է, որ Երասխից Մեղրի գնալու համար էլ մենք պետք է օգտագործենք: Եթե շատ եք ուզում, կարող եք դուք էլ ասել «Նախիջևանի միջանցք», օրինակի համար, դա էլ մեզ համար է ստացվում «միջանցք»», - ասաց պատգամավորը:

Միշելի հայտարարությունն անհանգստացրել է ընդդիմադիրներն

«Անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»,- բրյուսելյան հանդիպման ավարտին Շառլ Միշելի այս հայտարարությունից Հայաստանում ընդդիմադիրները խիստ անհանգստացած են:

«Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից»,- ֆեյսբուքյան գրառմամբ եզրակացրել էր առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային և քաղաքական միավոր», - վստահ է ՀԱԿ ներկայացուցիչը։

Փողոցում իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Դաշնակցությունից» Արթուր Խաչատրյանը մի մեկնաբանություն ունի. «Այստեղ խոսվում է հայերի` որպես ազգային փոքրամասնություն, որ պետք է ապահովվի հայերի անվտանգությունը: Հայերն իրենք իրենց անկախությունը իրենց երկրում կապահովեն: Եթե այս հարցն արտացոլվում է, նշանակում է` Արցախը Փաշինյանը և իր կառուցողական և կիրթ ընկեր Ալիևը տեսնում են Ադրբեջանի տարածքում»:

«Կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ ապագային»

Իշխանական պատգամավորները այսօր խուսափում էին խոսել Ղարաբաղի կարգավիճակի հարցից, բացառություն էր Արման Եղոյանը, որ կարգավիճակից ավելի կարևոր է համարում, օրինակ, անվտանգային հարցի լուծումը։

«Կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ 16-ի հունվարին էր, այսինքն` թողնվում է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են Արցախի համար շատ ավելի կարևոր հարցեր` հումանիտար, անվտանգային և այլն, ինչի մասին, էլ ո՞ւմ հղում անեմ, բացի Մինսկի խմբի…», - նշեց նա:

«Դա իրենց քաղաքականությունն է` Աստված էլ բեթարեն ազատի, որպեսզի ավելի վատ բան չլինի, գնանք զիջումների: Եվ ավելի վատ ապագայով վախեցնելով իրենք մոտեցնում են դեպի ամենավատ ապագան», - համոզված է ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

Ի դեպ, թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը կիրակնօրյա հանդիպումը դրական են գնահատել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG