Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածներ կան, բայց նախորդ երկու օրերի ծավալները չկա. Իշխան Սաղաթելյան


Իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրների ակցիաներն այսօր հիմնականում առանց միջադեպերի անցան։ Ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ բերման ենթարկված մեծաթիվ քաղաքացիների մասին հաղորդումներ չկան։ Իսկ անցած օրերին 300-400-ից ավելի ցուցարարներ էին տարվել ոստիկանության բաժիններ։

Ընդդիմության առաջնորդները երեկ երեկոյան հանդիպեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի կարծիքով, այդ զրույցն արդյունք է տվել. -«Առավոտվա 8-ից բոլոր ուղղություններով տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ են փակվել, արգելափակվել։ Բերման ենթարկվածներ կան, բայց այն ծավալները, որ կային նախորդ երկու օրերին, այդ ծավալների չի եղել»։

Ոստիկանությունից, մինչդեռ, հայտնում են, որ այսօր ոչ մի քաղաքացի բերման չի ենթարկվել։

Ընդդիմությունն առավոտից մի քանի խմբի բաժանվելով մայրաքաղաքի տարբեր հատվածներից երթեր էր սկսել, ցուցարարները պարբերաբեր փողոցներն ամբողջությամբ փակում էին, մի քանի րոպե հանգստանում ու շարունակում երթը։

Իրադրությունը լարվեց «Հրազդան» մարզադաշտի մոտ, երբ ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, հետո, սակայն, երթը շարունակվեց։

Ընդդիմությունն այսօր երեկոյան ևս հանրահավաք է հրավիրել։ Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակը փակ են պահում մայիսի 1-ից ի վեր։ Նրանք պնդում են, թե իշխանությունները մտադիր են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել, ինչը կարելի է կանխել միայն վարչապետի հրաժարականով։

Իշխանությունից այս մեղադրանքը չեն ընդունում։

XS
SM
MD
LG