Մատչելիության հղումներ

Մոսկվան մեկուկես ամիս է՝ տեղեկություն չի հայտնում կորուստների մասին


Ուկրաինացի հաշմանդամ զինվորներն «Ազովստալի» նկուղում, Մարիուպոլ, արխիվ, 10 մայիսի, 2022թ.

Պատերազմում ներգրավված ռուսական զորքի մեկ երրորդն այլևս չկա

Ուկրաինայի պատերազմում կամ, ինչպես Կրեմլն է ձևակերպում, «հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում» ռուսների կորուստների մասին վերջին պաշտոնական տեղեկությունը մարտ ամսին է հրապարակվել:

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ կան էական կորուստներ, հայտնելով ավելի քան հազար զոհվածների մասին և միաժամանակ հավաստիացնելով, թե ուկրաինական կորուստներն անհամեմատ ավելի շատ են:

Դրանից հետո լռություն: Օպերացիան շարունակվում է, ուկրաինացիներն անվերջ հարվածների են ենթարկվում, ռուսները զեկուցում են զինամթերքի և վառելիքի պահեստներ, հենակետեր և մարդուժ ոչնչացնելու մասին, բայց սեփական կորուստների վերաբերյալ ոչ մի խոսք, ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այդ թեման պարզապես շրջանցում է:

Ուկրաինա ներխուժելուց առաջ ռուսները փետրվարի 24-ի դրությամբ այդ երկրի սահմաններին են մոտեցրել շուրջ 150-հազարանոց զորք:

Մեծ Բրիտանիայի հետախուզության տվյալներով, այդ հզոր ուժի մոտ մեկ երրորդն այլևս չկա: Թե ինչ թիվ է կազմում «անդառնալի» կորուստը՝ զոհվածները կամ վիրավորումներից մահացածները, բրիտանացիները չեն հայտնում:

Ուկրաինացիները պնդում են, որ ռուսներն ավելի քան 20 հազար զոհ ունեն, սակայն այստեղ հարկ է հաշվի առնել, որ ցանկացած պատերազմում՝ քանի դեռ այն ընթացքի մեջ է, կողմերը փորձում են նվազեցնել տվյալները սեփական կորուստների մասին և ուռճացնել թշնամու կորուստների թիվը: Ուստի, անկախ աղբյուրները չեն կարող այսօր այդ թեմայով ստանալ քիչ թե շատ արժանահավատ տեղեկություն:

Բրիտանիայի ռազմական հետախուզության վերլուծաբանների կարծիքով, հաշվի առնելով կորուստների մեծ թիվը և զենք-զինամթերքի ու բանակի համար անհրաժեշտ այլ արտադրանքի մատակարարման դժվարությունները, այն, ինչ անվանում են լոգիստիկայի բարդություններ, կարելի է ենթադրել, որ ռուսները Դոնբասում առաջիկա 30 օրերի ընթացքում լայնածավալ հարձակում չեն նախաձեռնի:

Նրանք դեռ շարունակում են ոչ լայնածավալ գրոհներ Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ, մասնավորապես, փորձում են գրավել Լիմանովոն, Սևերոդոնեցկը, Ավդեվկան և Կուրախովոն: Ուկրաինացիները հակագրոհի են անցել Իզյումի ուղղությամբ: Պաշտոնական Մոսկվան տևական ժամանակ է չի հաղորդում ռուսների առաջխաղացման մասին, վերջին բնակավայրը Պոպասնայա ավանն է, որը ռուսները գրավել են երկու ամիս տևած ծանր մարտերի արդյունքում:

«Օկուպանտները չեն խոստովանում, որ մտել են փակուղի»

Իսկ ավելի վաղ ռուսները հեռացել են Խարկովի մոտ գտնվող բնակավայրերից: Ուկրաինացիները պնդում են, որ մի ուղղությամբ հակառակորդին վտարել և նույնիսկ հասել են ընդհուպ Ռուսաստանի հետ սահմանին: Նրանք տարածել են տեսագրություն, ըստ որի ենթադրաբար գտնվում են սահմանին մոտ և այդ մասին զեկուցում են նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Ինքը՝ Զելենսկին երեկ տեսաուղերձով դիմել է առաջիկայում գումարվելիք Դավոսի ֆորումին:

«Օկուպանտները տակավին չեն ուզում խոստովանել, որ նրանց այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիան» մտել է փակուղի և ձախողվել է: Բայց անշուշտ կգա ժամանակը, երբ ուկրաինացի ժողովուրդն ագրեսորներին կստիպի մերվել իրականության հետ», - ասել է նախագահը:

Ըստ Պատերազմի հետազոտության ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանների, հիմա ռուսների խնդիրը կլինի Լուգանսկի շրջանի, մասնավորապես, Սևորոդոնեցկ ավանի գրավումը: Մնացած ուղղություններով ռուսների հարձակումը կանգ է առել:

Վերջին օրերին ռուսները փորձել են անցնել Սևերսկի Դոնեց գետը և շրջապատել ուկրաինացիներին, սակայն օպերացիան ձախողվել է, և ռուսական ուժերն, ամենայն հավանականությամբ, լուրջ կորուստներ են կրել:

Նույնիսկ Կրեմլին հավատարիմ մեկնաբաններն ու բլոգերներ են սկսել խստորեն քննադատել այդ գործողության հրամանատարներին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խնդիրը չի մեկնաբանել:

Նավթի էմբարգոն դժվար է համաձայնեցնել

Միջազգային ասպարեզում կարևոր զարգացումներ են Բրյուսելում, որտեղ Եվրամիության արտգործնախարարները քննարկում են պատժամիջոցների 6-րդ փաթեթը սահմանելու հարցը:

Միության անդամները փորձում են համոզել Հունգարիայի ներկայացուցչին հավանություն տալ փաթեթին, սակայն հունգարացիները համառում են, նշելով, թե հրաժարումը ռուսական նավթից շատ ծանր ազդեցություն կգործի տնտեսության վրա: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը միասնության կոչ է արել:

«Կարևոր է, որ բոլոր երկրները միասին մասնակցեն նավթից աստիճանաբար հրաժարվելու գործին, մենք որպես գերմանացիներ, գիտենք, որ դա դյուրին չէ, անցած շաբաթների ընթացքում մենք բավական ջանք ենք գործադրել դրա համար, իհարկե, որոշ խնդիրներ դեռ չեն լուծվել, և դա հենց այսօր չի լինի, բայց համոզված եմ, որ մենք առաջիկա օրերին ելք կգտնենք»,- ասել է նախարար Բերբոկը:

Միջազգային ասպարեզում պատժամիջոցներն են համաձայնեցնում, մինչդեռ Մարիուպոլում՝ «Ազովստալի» նկուղներում շարունակվում է օրհասական վիճակում գտնվող ուկրաինացի զինծառայողների դրաման:

Զենքի, զինամթերքի, պարենի, դեղորայքի, ջրի պաշարները սպառվել են, տասնյակ վիրավորներ ծանր վիճակում են:

Այսօր լուր է տարածվել, թե ռուսները համաձայնել են ընդունել վիրավորներին և փոխադրել նրանց հոսպիտալներ: Կիևն այս պահին դա պաշտոնապես չի հաստատել, սակայն Զելենսկին ասել է, որ զօրուգիշեր ընթանում են դժվար բանակցություններ այդ մարդկանց դուրս հանելու շուրջ: Ռուսները պահանջում են, որ նրանք հանձնվեն:

«Ստեֆանիա մայրիկ, երգիր ինձ քո օրորոցայինը»

Նկուղներում ամեն զինվորին օրական տալիս են մեկ բաժակ տեխնիկական ջուր և մի բուռ շիլա: Երեկ այնտեղ լսել են ուրախալի լուրը Եվրատեսիլում ուկրաինացիների հաղթանակի մասին:

Երիտասարդ զինվորներից մեկը նկուղում կատարել է «Ստեֆանիա» երգը: Հոլովակն ամբողջ աշխարհով է տարածվել:

Kalush Orchestra նվագախմբի մենակատարի նման այդ զինվորը դիմել է Ստեֆանիային. «Մայրիկ Ստեֆանիա, Ստեֆանիա մայրիկ, դաշտը ծաղկում է, մոխրագույն դառնում, երգիր ինձ քո օրորոցայինը, մայրիկ, ուզում եմ ևս մեկ անգամ լսել քո հարազատ ձայնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG