Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները շրջափակել էին կառավարության երրորդ մասնաշենքը


Ֆրանսիայի հրապարակից այսօր ժամը 4-ից մեկնարկեց անհնազանդության երթը, ինչպես այն բնորոշում է ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության երրորդ մասնաշենք: Մեկ ժամից ավելի շենքը շրջափակեցին ու փակ պահեցին բոլոր մուտքերը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հայտարարեց, որ կառավարության շենքում աշխատակիցներից մեկն այդ ընթացքում աշխատանքից ազատման դիմում է գրել ու միացել իրենց: Կառավարության լրատվականից «Ազատությանը» փոխանցեցին, որ ամեն դեպքում պաշտոնական համակարգում այդպիսի տեղեկություն չեն տեսնում:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն էլ է ազատման դիմում գրել: Այդ քաղաքացու ֆեյսբուքյան էջի վերջին գրառման մեջ նշվում է, որ ինքը դիմում է գրում և աշխատանքից ազատվում է: Խոսքը ոստիկանության արդեն նախկին աշխատակից Մենուա Արզումանյանի մասին է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սաղաթելյանը դիմեց կառավարության աշխատակիցներին` ասելով, որ բոլորը միասին պետք է դիմում գրեն ու աշխատանքից ազատվեն. «Այլևս չենթարկվել նրանց հրահանգներին, միանալ ժողովրդին»:

«Ես գիտեմ` ինչ է նշանակում պետական աշխատող լինելը, գիտեմ, որ ձեզ սպառնում են, դուրս եկեք, դիմում գրեք ու միացեք մեզ: Ես ինքս պետական ծառայող եղել եմ, գիտեմ` ինչքան դժվար է հիմա մեր` այս շենքում գտնվող քույրերի ու եղբայրների համար. իրենց էլ վախեցնելու են աշխատանքից ազատելով, էլ թոշակից կտրելով, ամեն ինչով էլ վախեցնելու են, բայց ինչ ունենք իրենց ասելու` այն, ինչը մենք այսքան օր համախմբվելով, բռունցք դառնալով անում ենք` պայքար»,- ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե որքան են շարունակվելու բողոքի այսպիսի ակցիաները, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակն ասաց` այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Իշխան Սաղաթելյանը նշեց` շարունակելու են կառավարական շենքերի շրջափակումը:

Երկու օր առաջ ընդդիմադիրները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի շենքի բոլոր մուտքերը:

Նալբանդյան փողոցի վրա` ԱԱԾ շենքի առջև հասնելով` Իշխան Սաղաթելյանը հորդորեց աշխատակիցներին չկատարել իշխանության հրահանգները:

Նա հայտարարեց, որ իրենց պայքարը կասեցնել չի հաջողվելու:

XS
SM
MD
LG