Մատչելիության հղումներ

Նշվում է Խորանաշատի վանական համալիրի հիմնադրման 800-ամյակը


Մայիսի 11-ից մինչև մայիսի 29-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի կունենան Տավուշի մարզի Չինարի գյուղի հանրահայտ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մեկնարկն այսօր կայացավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Խորանաշատի ձեռագրական գանձերը» ցուցադրության բացմամբ։

Ներկայացված են Մատենադարանում պահվող Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակ բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում և 1224 թվականի հանրահայտ Խորանաշատի Ավետարանը։

«Խորանաշատը նաև գրչության կենտրոն է եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցադրության համակարգող, Մատենադատարի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ - «Ընդհանրապես մեր միջնադարյան վանքերը, եթե մանավանդ դպրոց ունեին, նաև գրչության կենտրոն ունեին, և Խորնաշատում նույնպես եղել է գրչության կենտրոն, որից մենք տասը ձեռագիր ցուցադրում ենք։ Ամենահինը Խորանաշատի Ավետարանն է, 1224 թվականի։ Շատ լավ է պահպանված, մագաղաթյա պատկառելի ձեռագիր է»։

Մայիսի 28-ին Խորանաշատի Ավետարանը կտարվի Խորանաշատի վանք և կկատարվի անդաստանի արարողություն։

Ինչպես այսօր Մատենադարանում ցուցադրության բացումից առաջ կայացած ասուլիսին ընդգծում էր Մատենադարանի տնօրեն Վահան Տեր Ղևոնդյանը, Խորանաշատը համազգային արժեք է, որը միջնադարում չափազանց մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի գիտակրթական կյանքում. - «Հայկական վերածննդի այս ընդհանուր ներկապնակի մեջ իր փայլուն տեղն ունի, պատվավոր տեղն ունի Խորանաշատը, Խորանաշատի վանքը, որը թե' հոգևոր կենտրոն էր, թե' գրչության կենտրոն էր, թե' վարդապետարան էր, կրթական կենտրոն էր։ Ըստ էության՝ համալսարան, գիտական օջախ էր»։

Եվ պատահական չէ, որ մայիսի 29-ին Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա գիտաժողով, որը կազմակերպել են Մատենադարանը և ԳԱԱ պատմության ինստիտուտը՝ նվիրված Խորանաշատ հոգևոր այս կենտրոնի հիմնադրման 800-ամյա հոբելյանին։ Գիտաժողովին կնախորդի նաև «Խորանաշատ-800» նկարազարդ գրքի շնորհանդեսը, որը կազմել են Մատենադարանի և այլ գիտական հաստատություններից հեղինակներ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր ասաց. - «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ, հարյուրամյակների ընդհատումից հետո եպիսկոպոսական սուրբ պատարագ է մատուցվել։ Եվ դա մեզ համար նոր լիցք էր, նոր հրավեր էր, որպեսզի մենք կարողանանք Խորանաշատի դերը, նշանակությունը, կարևորությունը փոխանցել մեր լայն հանրությանը, մեր ողջ ժողովրդին։ Խորանաշատը սահմանապահ վանք է։ Այդպես է ստացվել։ Ժամանակին այն գտնվում էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք՝ ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս բոլոր տարիների ընթացքում անխափան կերպով՝ թե' սուրբ պատարագի մատուցում, թե' հոգեոր տարբեր արարողություններ ենք իրականացրել մեր աղոթքի միջոցով, և այս բոլորը ուղեկցվել է բնականաբար մեր զինված ուժերի աջակցությամբ, մասնակցությամբ, նաև պահպանությամբ, ովքեր գիշեր-ցերեկ այնտեղ հսկողություն են իրականացնում։ Այդ իմաստով մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի ուխտի օր»։

«Խորանաշատը եղել է մի հոգևոր միջավայր, որտեղ եկել եմ մարդիկ ոչ միայն միտքը կրթելու, ոչ միայն իրենց հոգևոր նկարագիրը ձևավորելու և հղկելու, այլև արդեն իսկ վարդապետի ներկայությունը, վարդապետի շարժուձևը, վարդապետի անգամ ֆիզիկական ներկայությունը եղել է անգիր օրենք այնտեղ սովորող աշակերտների համար։ Ահա այսպիսի նախնիներ ենք մենք ունեցել, ահա այսպիսի հոգևոր ակունքներ մենք ունենք։ Դուք գիտեք, թե որքան դժվար է երբեմն թոհուբոհի, հակասությունների մթնոլորտում, հսկայական մարտահրավերների մթնոլորտում մի պահ կանգ առնել ու նայել, թե ինչ հիմքի վրա ես դու կանգնած և ուր պիտի նայես», - ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Հավելենք նաև, որ մայիսի 28-ին Մատենադարանում պահպանվող Խորանաշատի Ավետարանը ոչ միայն կտարվի իր ծննդավայրը, այլև մեկ գիշեր կմնա այնտեղ, ինչը, ըստ Մատենադարանի տնօրենի, աննախադեպ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG