Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հավանաբար այսօր բանտից կտեղափոխվի մասնավոր կլինիկա


Միխեիլ Սաակաշվիլին հավանաբար այսօր բանտից կտեղափոխվի մասնավոր կլինիկա։ Նրա հիմնադրած կուսակցության՝ Ազգային միացյալ շարժումից պատգամավոր Կոբա Նակոպիան ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահը համաձայնել է բժշկական հետազոտություն անցնել «Վիվա մեդ» կլինիկայում։

Երեկ նա մնացել էր բանտում, որովհետև ազգականներին տեսակցելու հնարավորություն կար։

Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն մամուլի ասուլիսում հայտնել էր, թե «Վիվա մեդում» Սաակաշվիլիին կցուցաբերեն բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Նախկին նախագահի կողմնակիցները, ընտանիքի անդամները պահանջում են, որ Սաակաշվիլիին արտասահմանում բուժվելու թույլտվություն տրվի։

Ապրիլի վերջին բժիշկների խումբը եզրակացրել էր, որ նախկին նախագահի առողջությունը զգալիորեն վատթարացել է, իսկ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն մայիսի 6-ին ասել էր, թե Սաակաշվիլին իր առողջության մասին ստում է, միայն թե ինչ-որ կերպ դուրս գա բանտից։ Ի պատասխան՝ Սաաակաշվիլիի կողմնակիցները առաջարկեցին արտասահմանից բժիշկներ հրավիրել՝ նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար։

Այս առաջարկի հետ իշխանությունները չեն համաձայնել, ոչ էլ նրան արտասահման տեղափոխելու պահանջներին, բայց մեղմացրել են նախկին կոշտ դիրքորոշումը՝ թույլատրելով, որ նա բանտից տեղափոխվի մասանավոր հիվանդանոց։ Կարելի է ասել փոխզիջումային տարբերակ է գտնվել։

Սաակաշվիլիին պաշտպանել է ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով նախկինում հայտնել էր, թե Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցով երբեք չի օգտվի իր լիազորությունից, բայց հիմա նրա առողջության հետ կապված Զուրաբիշվիլին լիովին պաշտպանել է Սաակաշվիլիին մասնավոր կլինիկա տեղափոխելու առաջարկը։

Սալոմե Զուրաբիշվիլին համարում էր և համարում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նախկին նախագահի առողջությունն ապահովելու համար, որպեսզի նրա առողջության հետ կապված հարցեր չառաջանան ո՛չ հանրության, ո՛չ եվրոպական գործընկերների մոտ։

«Սա երկրի հեղինակության և վարկանիշի հարց է, որը պահանջում է թափանցիկություն, մեծ զգուշություն և ուշադրություն, որպեսզի որևէ վտանգներ չլինեն, և նրա առողջությունն առավելագույնս պաշտպանվի, - «Ինտերպրես Նյուզի» փոխանցմամբ, նշված է Զուրաբիշվիլիի հայտարարությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG