Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի առաջնորդած կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական աշխատանքի բոյկոտը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում, Թբիլիսի, արխիվ:

Վրաստանի նախկին նախագահ, այժմ բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած կուսակցությունը՝ «Ազգային միացյալ շարժումը», որոշել է դադարեցնել խորհրդարանական աշխատանքի բոյկոտը, որը հայտարարվել է անցյալ տարվա հուլիսին: Այդ մասին հայտնել է կուսակցության խոհրդարանական խմբակցության ղեկավար Խատիա Դեկանոիձեն:

«Դեռ անցած շաբաթ օրը մենք որոշել ենք դադարեցնել բոյկոտը և մասնակցել խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքին»,- ասել է Դեկանոիձեն:

«Ազգային միացյալ շարժումը» Վրաստանի 150-տեղանոց խոհրդարանում ունի 30 մանդատ:

Կուսակցությունը 2021 թվականի ամռանը բոյկոտ է հայտարարել այն բանից հետո, երբ «ավանդական արժեքների ջատագովների մի խումբ հարձակվել և ծեծի է ենթարկել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների ցույցը լուսաբանելուն պատրաստվող լրագրողներին»:

«Ազգային միացյալ շարժումը» դատապարտում է կուսակցության լիդերի բանտարկումը և պահանջում է նրան անհապազ ազատ արձակել:

Սաակաշվիլին ձերբակալվել է անցյալ տարվա աշնանը՝ ՏԻՄ ընտրությունների նախօրեին Վրաստան վերադառնալուց հետո:

Նա պնդել է, թե ընդդիմությունը կհաղթի տեղական ընտրություններում և դրանից հետո իշխանություններին հրաժարական կպարտադրի, սակայն իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ընտրատեղամասերի մեծ մասում:

Սաակաշվիլին հայրենիքում մեղադրվում է մի շարք գործերով, որոնցից երկուսով հեռակա կարգով ժամանակին դատապարտվել է 3 և 6 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG