Մատչելիության հղումներ

Իրանն անընդունելի է որակել Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումը


Իրանն «անընդունելի» է որակել հարևան Թուրքիայի կողմից ընդհանուր ջրային ուղիներով ամբարտակների կառուցումը` կոչ անելով սահմանակից երկրին դադարեցնել այդ գործողությունները:

«Թուրքիայի կողմից սահմանային ջրերի վրա ամբարտակների կառուցումն անընդունելի է, և մենք դեմ ենք դրան»,- IRNA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Խորհրդարանում ելույթ ունենալով` Իրանի դիվանագիտության ղեկավարը նշել է, որ վերջին ամիսներին մի քանի անգամ թուրք պաշտոնակցի հետ հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում փոխանցել է հարցի վերաբերյալ Թեհրանի անհամաձայնությունը:

Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ թեև երկու երկրները չունեն «ջրային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», Իրանը չորս ամիս առաջ Թուրքիայի կառավարությանը խնդրել է ջրային հարցերով երկկողմ կոմիտե ստեղծել՝ ոլորտում առկա մտահոգություններին արձագանքելու նպատակով:

Իրանը վերջին տարիներին հաճախ է երաշտների բախվում, որոնք մասամբ պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, ինչպես նաև հարևան երկրներում ամբարտակների կառուցմամբ: Իրանը ևս ամբարտակ է կառուցել Իրաքի հետ ունեցած ընդհանուր գետերի վրա։ Արաքս գետի վրա կառուցվող թուրքական ամբարտակը, սակայն, պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ մեծ վտանգ է ներկայացնում Իրանում ջրի հասանելիությանը։

XS
SM
MD
LG