Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գրքի հայերեն թարգմանությունը


«Արցունքներ դրախտում». այս խորագիրն է կրում Մոսկվայում բնակվող դաղստանցի գրող Գամիդ Ամիրովի վերջերս Մոսկվայում հրատարակված գեղարվեստական գիրքը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմին։

«Բուկինիստ» հրատարակչության ջանքերով գիրքը թարգմանվել և հրատարակվել է հայերեն։ Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցում։ Շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակը՝ Գամիդ Ամիրովը։ Նա ասաց. - «Որոշեցի այս գիրքը գրել, երբ, ապրելով Մոսկվայում, շփվելով բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների հետ, հասկացա, որ շատ քչերը գիտեն ճշմարտությունը ոչ միայն պատերազմի, այլև առհասարակ հայերի և Արցախի մասին, թե ովքեր են այնտեղ ապրել, երբ, ինչպես։ Գրքիս հերոսը՝ Մարատը Մոսկվայում բնակվող, Ստեփանակերտում ծնված հայ երիտասարդ է, որն ընկերուհու հետ այցելում է Ստեփանակերտ, տատիկին հյուր, ու հենց այդ օրերին էլ սկսվում պատերազմը, որին մինչև վերջ մասնակցում է նաև Մարատը՝ ազգային ինքնագիտակցությունից ծնված հայրենիքը պաշտպանելու նվիրական ցանկությամբ»։

«Բուկինիստ» հրատարակության հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանի համոզմամբ, շատ կարևոր է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունն իր վեպով ներկայացնում է օտարազգի հեղինակը. - «Մոսկվայից եղավ առաջարկություն գիրքը թարգմանել հայերեն։ Ազգանունը ոչինչ չի ասում, երիտասարդ գրող, դաղստանցի, ազգությամբ հրեա, գրում է ռուսերեն, ապրում է Մոսկվայում, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Սկսեցի կարդալ գիրքը, մի քանի էջ և որոշեցի, որ պետք է թարգմանել, որովհետև հայանպաստ է, ճշմարտացի է գրված... Էնքան նյուանսներ կան, գրողը մտնում է մաշկիդ տակ, գրողը կարողանում է հոգեբանորեն այնպես քեզ տրամադրել, որ թվում է, թե սա քո ցավն է։ Օտարն է գրում... Երբ ես իմացա, որ նա Հայաստանում ընդամենը մի քանի անգամ է եղել, Ղարաբաղում ոչ մի անգամ չի եղել, ես ապշեցի։ Ինչպե՞ս կարելի է չլինել Ղարաբաղում և Ղարաբաղը նկարագրել որպես դրախտ»։

Գրքի թարգմանիչը Նորայր Ենգիբարյանն է, խմբագիրը՝ Հովհաննես Այվազյանը։ Վերջինիս խոսքով, ընթերցողին ներկայացվող Գամիդ Ամիրովի այս գիրքը ղարաբաղյան հակամարտությունը ճշմարտացիորեն ներկայացնող հազվադեպ գրքերից մեկն է. - «Շատ օբյեկտիվ է գրված։ Կարողացել է ստեղծել իրավիճակը, կարողացել է ստեղծել կերպարները, բոլորը հավաստի, ճշգրիտ։ Կարողացել է տալ պատերազմի մթնոլորտը ամբողջ։ Եվ ամենագլխավորը՝ ի՞նչ է Ղարաբաղի հարցը օտարի աչքերով»։

Գամիդ Ամիրովն ասում էր, որ շատ գրականություն է ուսումնասիրել գիրքը գրելիս թե' Ղարաբաղի և թե' առհասարակ հայ ժողովրդի մասին, և այս գրքով իր ուղերձն է հղել ընթեցողին, որ ցանկացած պատերազմ չարիք է և ողբերգություն ժողովուրդների համար։ Գրքում ներառել է նաև հայ զոհված հերոսների ոչ ամբողջանական ցանկը։ Գիրքը նվիրում է 2020 թվականի զոհվածների հիշատակին։

Գրքի հետ կապված ուշագրավ մի փաստ ներկայացրեց «Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանը. - «Գրքի առաջին տպաքանակը սպառվել է մեկ ժամվա, կամ ժամերի ընթացքում։ Տպարանի պահեստից, կամ հրատարակչության պահեստից գնել են ադրբեջանցիները և ըստ երևույթին ոչնչացրել են։ Երկրորդ տպաքանակը հեղինակը տպագրեց և հանձնեց «Օզոն» օնլայն խանութին, Ֆեյսբուքում գրեց՝ գնացեք առեք ինչքան ուզում եք։ Նրանք «Օզոնից» չեն կարող միանգամից ամբողջը գնել։ Մենք երեք հազար օրինակ տպել ենք, խնդրեմ, թող ադրբեջանցիները գան, գնեն։ Մենք ամբողջը կտանք իրանց ու էլի կտպենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG