Մատչելիության հղումներ

Ըստ Պուտինի, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն են մեղավորը, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական օպերացիա» է սկսել Ուկրաինայում


Մոսկվային Կարմիր հրապարակում այսօր անցավ Հաղթանակի 77-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, առանց անակնկալների, մեծ շքեղության, իսկ շքերթի օդային մասն ընդհանրապես չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով։

Հակառակ սպասումների Ռուսաստանի նախագահն այսօր մայիսի 9-ի զորահանդեսին չհայտարարեց մոբիլիզացիայի մասին։ Վլադիմիր Պուտինը պարզապես հերթական անգամ ասաց, որ «ռազմական հատուկ օպերացիա» սկսելը Ուկրաինայի դեմ անհրաժեշտ և ճիշտ քայլ էր։

«Կրկնում եմ՝ մենք տեսնում էինք, թե ինչպես է զարգանում ռազմական ենթակառուցվածքը, ինչպես են սկսել աշխատել հարյուրավոր օտարերկրյա խորհրդականներ, ՆԱՏՕ-ի երկրներից ամենաժամանակակից սպառազինությունների կանոնավոր մատակարարումներ են եղել։ Ամեն օր վտանգը մեծանում էր։ Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային. դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշումն էր», - նշեց Պուտինը:

Այս տարի Մեծ հայրենական պատերազմում կրած հաղթանակի տոնը նշվում է, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» ֆոնին՝ այսպես են Ռուսաստանի իշխանությունները անվանում ռուսական ագրեսիան Ուկրաինայում, արդեն երկուսուկես ամիս տևող պատերազմը և տարբեր քաղաքների բնակելի շենքերի չդադարող հրթիռակոծությունը։

Մեղավորը նրանում, որ Ռուսաստանը «հատուկ օպերացիա» է սկսել Ուկրաինայում, Վլադիմիր Պուտինի պնդմամբ, ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգներն են։ Ռուսաստանի նախագահն իր այսօրվա ելույթում կրկին հայտարարել է՝ նրանք, Արևմուտքը, մերժել են Ռուսաստանին անվտանգության երաշխիքները և Ուկրաինային նախապատրաստում էին ռուսական «պատմական հողերի», այդ թվում՝ Ղրիմի վրա հարձակման։

Ուկրաինան և արևմտյան երկրները հերքում են նման ծրագրերը և Ռուսաստանին մեղադրում անհիմն ագրեսիայի մեջ։ Պուտինը մինչդեռ հակառակը՝ Ուկրաինայում պատերազմող ռուս զինվորականներին համեմատում է ֆաշիզմի դեմ պատերազմող սովետական զինվորի հետ։ Այսօր նա ավանդական լռության րոպեն հայտարարեց ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, այլ նաև Ուկրաինայում զոհված ռուս զինվորների հիշատակին։

Հաղթանակի օրվան ընդառաջ մի շարք բրիտանական և ամերիկյան լրատվամիջոցներ, վկայակոչելով հետախուզական աղբյուրներ, գրում էին, որ Պուտինը, ռուսական բանակի կրած հարաբերական անհաջողությունների պատճառով, կարող է պատերազմ և մոբիլիզացիա հայտարարել։ Նման հայտարարություններ Ռուսաստանի նախագահը, սակայն, այսօր չարեց։

Այսօրվա զորահանդեսը նպատակ ուներ նաև ցույց տալ Ռուսաստանի իշխանությունների միասնականությունը և նրանց համախմբումը Պուտինի շուրջ, ում Արևմուտքը մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ և սպառնում ենթարկել միջազգային պատասխանատվության։

Վլադիմիր Պուտինի հետ բեմում էին այսօր վարչապետ Միխայիլ Միշուստինը, Անվտանգության խորհրդում Պուտինի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, պատրիարք Կիրիլը։ Շքերթը վարում էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանի շատ քաղաքներում էլ այսօր անցնում են, այսպես կոչված, Անմահ գնդի երթեր։ Մարդիկ կրում են պատերազմին մասնակցած իրենց հարազատների լուսանկարներով պաստառներ։ Կազմակերպիչները թույլ են տվել բերել նաև ուկրաինական պատերազմի մասնակիցների լուսանկարները։

XS
SM
MD
LG