Մատչելիության հղումներ

Մենք ապրում ենք Սարյանի արվեստի լույսի ու ջերմության ներքո. Ռուզան Սարյան


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան

Մայիսի 5-ը մեծանուն Մարտիրոս Սարյանի հիշատակի օրն է։

Ճիշտ 50 տարի առաջ՝ 1972 թվականին մայիսի 5-ին այդ օրը 92 տարեկան հասակում Վարպետը կնքեց իր մահկանացուն և բռնեց հավերժի ճամփան։

Այս տարելիցի կապակցությամբ Սարյանի տուն-թանգարանը բացեց «Մարտիրոս Սարյանը ինքնանկարներում և լուսանկարներում» չափազանց ուշագրավ նոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված են երեք տասնյակից ավելի աշխատանքներ։

«Ազատության» հետ զրույցում տուն-թանգարանի Ռուզան Սարյանն ասաց. - «Լրացավ հիսուն տարին, ինչ Մարտիրոս Սերգեիչը ֆիզիկապես մեզ հետ չէ։ Բայց նա այնպիսի մի պայծառ, հրաշալի արվեստ է թողել, որ նրա լույսը և' ջերմացնում է, և' մեզ ուղեցույց է։ Ու մենք այդ լույսի և ջերմության ներքո ապրում ենք և մեզ երջանիկ ենք զգում։ Ցուցահանդեսի մտահղացումը շատ հետաքրքիր էր։ Մենք սկզբում ուզում էին միայն լուսանկարներ ցուցադրել, բայց քանի որ ինքը Սարյանը լուսանկարներ է օգտագործել որոշ գործեր նկարելիս, կարողացել է շատ հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծել»։

Ռուզան Սարյանը հավելում է, որ այս գողտրիկ, կամերային նոր ցուցադրությամբ կամեցել են մի ուշագրավ երկխոսություն ստեղծել Սարյանի տարբեր տարիների լուսանկարների և նրա հանրահայտ ինքնանկարների միջև՝ է'լ ավելի ընդծելու հանճարեղ գեղանկարչի թե մարդկային, թե արվեստագետի կերպարը. - «Գեղեցիկ մարդ է եղել Սարյանը երիտասարդ տարիներից մինչև խոր ծերություն, շատ գեղեցիկ կերպով ծերացավ։ Նրան լուսանկարել են մեր լավագույն լուսանկարիչները՝ Անդրանիկ Քոչարը, Բաբկեն Մավիսակալյանը, Հայկ Կավուկը, Խանդիկյանը։ Պիտի ասեմ, որ Սարյանի լավ իրեն ոչ ոք չի նկարել գեղանկարչության մեջ։ Բայց լուսանկարիչները իսկապես կերտել են գլուխգործոցներ՝ ստեղծելով Սարյանի լուսանկարային դիմանկարներ»։

Ռուզան Սարյանը հիշեցնում է նաև, որ քանդակագործները նույնպես հրաշալիորեն կերտել են Սարյանի կերպարը։ Թանգարանի առաջին հարկում ներկայացված է վրաց հայտնի քանդակագործ Կանդելակիի քանդակը, ունեն նաև Մեծատուրյանի, Հակոբ Կոջոյանի Նիկողայոս Նիկողոսյանի քանդակները։ Ազգային պատկերասրահում ևս պահպանվում են տարբեր ազգություննների հեղինակների կողմից ստեղծված Սարյանի քանդակները։

Քանդակներից ամենահայտնին թերևս Սարյանի պուրակում 1986 թվականին տեղադրված Մարտիրոս Սարյանի մարմարե արձանն է, որի հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Այստեղ շուրջ երեք տասնամյակ Սարյանը համախմբում է ժամանակակից գեղանկարիչներին, ովքեր աշխատում ու ստեղծում են Սարյանի արձանի շուրջը, նաև վաճառում իրենց աշխատանքները, այս տարածքում անդադար գործում է Վերնիսաժը։

Սարյանի կերպարը հետաքրքրել է նաև բանաստեղծներին։ Մինչև տարեվերջ լույս կտեսնի Սարյանին տարբեր տարիներին հայ և օտարազգի բանաստեղծների կողմից ձոնված բանաստեղծությունների ժողովածուն, փոխանցեց Ռուզան Սարյանը. - «Կլինի բավականին հետաքրքիր գիրք։ Այս տարի 50 տարին է Սարյանի մահվան և 55-ամյակն է մեր թանգարանի։ Թանգարանի ստեղծման գաղափարը իրենն է եղել, ֆոնդերը ինքն է հիմնադրել, և սա երրորդ թանգարանն է, որը Սարյանը ստեղծել է։ Հիշենք Ռոստովի գավառագիտական թանգարանը, հիշենք մեր առաջին պետական թանգարանը՝ իր չորս բաժիններով, որոնցից ամեն մեկը դարձավ պետական թանգարան։ Եվ դրանցից ամենաշատը հուզող, հետաքրքրող և ոգևորող բաժինը, որ դարձավ Երևանի պատկերասրահ, հետո դարձավ այսօրվա Ազգային պատկերասրահը»։

«Այսօր օրվա խորհուրդը նաև եղավ, որ վերջապես հասկանալով, որ Սարյանի արձանը լվանալու և կարգի բերելու գործն է թանգարանի անելիքը, այսօր մենք կարողացանք այդ գործը անել։ Այսքան օտարազգի այցելուներ ունենք մենք քաղաքում, և ուղղակի ամոթ էի զգում, որ կեղտի մեջ կորած, մրի մեջ կորած էր այդ այդ սպիտակ մարմարակերտ արձանը։ Թաղապետարան, քաղաքապետարան... ինձ ասվեց, որ տենդեր է հայտարարվել լվանալու համար, և ես ասացի՝ այսօր պետք է արձանը մաքուր լինի։ Մենք չսպասեցինք», - հավելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG