Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր հեղինակ հնչում է այնքան, ինչքան արժանի է. կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյան


Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստը թե' հայաստանցի, թե' արտերկրի երաժշտասերներին պարբերաբար ներկայացվում է հիմնականում տարբեր երաժշտական փառատոների ընթացքում, բայց գաղտնիք չէ, որ արվեստագետի համար, առավել ևս կոմպոզիտորի համար շատ բարդ է ուղի հարթել երաժշտարվեստի բնագավառում։

Նվագախմբերը, իհարկե, թեև ոչ հաճախ, բայց կատարում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, և խոսքն այստեղ բոլորովին էլ այնպիսի անունների մասին չէ, ինչպիսիք են Տիգրան Մանսուրյանը կամ Վաչե Շարաֆյանը, ովքեր երաժշտական ստեղծագործությունների թեմատիկ պատվերներ են ստանում արտասահմանյան հեղինակավոր նվագախմբերի կողմից և ստեղծում են հրաշալի ստեղծագործություններ, որոնք հետագայում արդեն կատարում են նաև մեր նվագախմբերը։ Բայց չէ՞ որ ժամանակակից շատ կոմպոզիտորներ ունենք թե' Հայաստանում, թե' արտերկրում, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց ստեղծագործությունները ունկնդրին ներկայացնելու, առավել հայտնի դառնալու համար, բայց միշտ չէ, որ հաջողության են հասնում։ Եվ այնուամենայնիվ, շարունակում են աշխատել, ստեղծագործել՝ հուսալով, որ մի օր անպայման հայտնի կդառնան և իրենց ստեղծագործությունները նույնպես կկատարեն հեղինակավոր նվագախմբերը։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանն այս առումով հետևյալ ուշագրավ դիտարկումն է անում. - «Յուրաքանչյուր հեղինակ հնչում է էնքան, ինչքան արժանի է։ Շատ սպասումներ պետք չէ ունենալ, որովհետև ուզենալ շատ հնչելը մեկ այլ բան է, բայց ինչ-որ բան անել դրա համար, էդ արդեն հեղինակի ներսում պետք ա էդ պրոցեսները լինի։ Այսինքն՝ հայտնիություն ձեռք բերելը մեկ-մեկ հայ արվեստագետի մոտ ավելի պրիորիտենային տեղ ունի, քան էդ ճանապարհի բովանդային մասի վրա ավելի շատ մտածելը, որը մի քիչ էդ հայտնության, էդ լայն տարածման հետ այնքան էլ շատ եզրեր չունի։ Այսինքն՝ մարդ պիտի համբերատար սպասի, էդ պրոցեսները պետք է ինքնըստինքյան լինեն։ Բայց մերոնք, ցավոք սրտի, շատ շուտ ուզում են հայտնի դառնալ, բայց դրա համար սեղանի շուրջ ավելի քիչ ժամանակ են անցկացնում»։

Արամ Հովհաննիսյանը կոնսերվատորիայից հետո ուսումնառությունը շարունակել է Շվեյցարիայում, որտեղ ապրել և աշխատել է երկար տարիներ, բայց վերջին տարիներին կոնսերվատորիայում աշխատելու հրավեր ստանալուց հետո վերադարձել է Հայաստան։ Նա կոնսերվատորիայում նաև դասավանդում է կոմպոզիցիայի բաժնում և «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ երիտասարդ կոմպոզիտորների լավ սերունդ է գալիս, և իրենք ոչ միայն խոսքով, այլև գործով են քաջալերում երիտասրդ հեղինակներին. - «Ունենք ժամանակակից երաժշտության անսամբլ, որի գեղարվեստական ղեկավարն եմ ես։ Դրա հետ զուգահեռ մենք ունենք փոքր ժամանակակից երաժշտության փառատոն, որը մեկնարկելու է հուլիսին»։

Արամ Հովհաննիսյանը համոզված է, որ տաղանդավոր մարդը վաղ թե ուշ հարթում է իր ճանապարհը և շատ բանի կարող է հասնել նախևառաջ տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ։ Եվ եթե երիտասարդ հեղինակները չսևեռվեն հայտնի դառնալու իրենց ներքին ցանկության վրա, այլ դրա փոխարեն քրտնաջան ստեղծագործեն, չեն կարող հաջողության չհասնել։

Ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն էլ նկատում է, որ եվրոպական երկրներում նույնպես ժամանակակից կոմպոզիտորի համար շատ դժվար է հարթել իր ճանապարհը, թեև իր ստեղծագործություններն արդեն իսկ հնչել են թե' Հայաստանում, թե' եվրոպական փառատոներում։ Բոլորովին վերջերս Մոնակոյում տեղի ունեցած միջազգային փառատոնում կատարվել է նրա Թավջութակի կոնցերտը։

Բայց հեղինակավոր նվագախմբերը գերադասում են հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարել. - «Ես ծնվել եմ Հայաստանում, բայց պատանեկան տարիքից գնացել եմ Փարիզ, այնտեղ եմ սովորել և այնտեղ եմ ապրում երեսունից ավելի տարի։ Աշխատում եմ, երաժշտություն եմ գրում։ Այս տարի ես թագուհի Ելիզավետայի պրեմիան կրեցի Բելգիայում։ Ինչպես Սերգեյ Խաչատրյանը ջութակում, այնպես էլ ես կոմպոզիցիայով։ Դրանից հետո իմ ստեղծագործությունները մի քիչ ավելի հաճախ սկսեցին հնչել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG