Մատչելիության հղումներ

Վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի անհնազանդության ակցիաները


Այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի անհնազանդության ակցիաները։

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտայի Ամերիկյան համալսարանից դեպի Ազգային ժողով տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները ցուցարարներին ուղեկցեցին մայթ, բացեցին ճանապարհը, երթևեկությունը վերականգնված է։

Փակ է Ազգային անվտանգության ծառայության շենքի հարակից տարածքը, փակ փողոցներ կան նաև Կոմիտասում։

Ցուցարարները փակեցին նաև Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկը։ Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցավ հրմշտոց, կան բերման ենթարկվածներ, Սարյան փողոցը բացվեց, ցուցարարները շարժվում են Պուշկին փողոցով։

Ընդդիմությունը երեկվանից անհազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։ Փողոցները փակ էին մնում մի քանի րոպե։ Ոստիկանությունը որոշ փողոցներում հավելյալ ուժեր էր տեղակայել, արագորեն բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Մինչև կեսօր, ըստ պաշտոնական հաղորդագրության, արդեն մոտ 200 բերման ենթարկված կար, որոնք մի քանի ժամ անց արդեն ազատ էին արձակվել։

Իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իսկ սա իրենց պայքարի վճռական փուլն է։ Թե քանի օր են շարունակելու այս ակցիաները, երբ և ինչպես են իրենց ծրագրին հասնելու, դեռ չի հստակեցվում։

Իշխանափոխություն պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և երկրորդ օրն են գիշերել այնտեղ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ կոչ արեց մարզերում գտնվողներին այսօրվանից միաժամանակ փակել այդ ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում:

XS
SM
MD
LG