Մատչելիության հղումներ

Բոլոր բերման ենթարկվածները մի քանի ժամից ազատ են արձակվել


Առավոտից մայրաքաղաքում բերման ենթարկված բոլոր ցուցարարները մի քանի ժամից ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, հաղորդում է ոստիկանությունը։

Անհնազանդության ակցիաների ժամանակ բաժիններ էին տարվել ավելի քան 240 ցուցարարներ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրանց մեջ էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։ Պատմեց՝ իրավապահները միայն ոստիկանական մեքենայում են տեղեկացել իր՝ պատգամավոր լինելու մասին, առաջարկել են ազատ արձակել, բայց ինքն, այնուամենայնիվ, գնացել է բաժին՝ մյուս ցուցարարներին աջակցելու։

«{Պահանջ էին ներկայացրել}, որ ազատել ճանապարհի երթևեկելի գոտին: Վայրենի պահվածք, դուք էլ մի շարք կադրերում տեսել եք, թե իրենց գործողությունները ընդհուպ մինչև ձեռնամարտի մարտեր առանց կանոնների նմանվող գործողություններ էին երբեմն ինձ հիշեցնում»:

Բերման ենթարկված ցուցարարները ևս պնդում էին, թե ոստիկանության գործողություններն անօրինական են եղել, իրավապահներն իրենց բերման են ենթարկել առանց զգուշացնելու և պահանջները բարձրաձայնելու:

«Հրահրում էին որպեսզի մենք ինչ-որ բան անենք, այսինքն՝ հարվածենք ոստիկանին, ձայն բարձրացնենք։ Կանգնած բերման ենթարկվածը սպասում է, որ իրականացվի գործողություն, պրոցեսը գնա, կազմվի արձանագրություն և այլն, ոստիկանը էդ ամեն ինչը թողած, փոխանակ իրա գործով զբաղվի, սադրում է», - ասաց ցուցարարներից Զավեն անունով երիտասարդը։

Ոստիկանությունը չի մեկնաբանում ընդդիմության մեղադրանքները։ Հայտնի է միայն, որ ցուցարարների նկատմամբ 50 հազար դրամի վարչական տուգանք է կիրառվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ցուցարարներից 26-ամյա Զավենն ասաց, որ չի պատրաստվում վճարել այդ տուգանքը, քանի որ անօրինական ոչինչ չի արել:

«Ոչ մի տուգանք չկա, մենք որևէ խախտում չենք իրականացրել։ Բերման ենթարկեցին Հաղթանակ կամրջի վրայից, մեր ընկերներով անհնազանդության ակցիա էինք իրականացնում։ Շատ բացահայտ կերպով, չէին էլ թաքցնում, որ կատարում են պատվերով հրահանգ, մեր սիրելի ոստիկանները։ Չեմ ուզում անձնական ոչ մի վիրավորանք հասցնեմ մեր ոստիկաններին, իրենք կատարում են իրենց ծառայությունը, բայց ամեն ինչին էլ չափուձև կա, ասեմ, որ այնտեղ հարվածել են մեր աղջիկներին, անգամ հղի աղջկա», - ասաց նա։

Երիտասարդների հետևից ոստիկանական բաժին էր եկել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Փորձ է արվում ուժի դիրքերից ճնշել էն պահանջը, էն պայքարը, որը մղում է հայ ժողովրդի, Հայաստանի առողջ հատվածը հանուն Հայաստանի արժանապատվության: Եվ ես չեմ կարծում, որ ազատության ու իրենց իրավունքների, հայրենիքի համար պայքարի ելածներն ընկրկեն այս գործողություններից, չնայած տարօրինակ էր, այսքան ժամանակ գտնվում եմ Էրեբունու բաժանմունքում, նույնիսկ ոստիկանության այստեղի աշխատակիցների համար անհասկանալի է այն կոպիտ, բիրտ ուժը, որ հաճախ տեղ է գտնում մարդկանց բերման ենթարկելիս», - ասաց Նազարյանը։

XS
SM
MD
LG