Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածների թիվը հասավ 244-ի, ըստ ոստիկանության, երթևեկությունը մայրաքաղաքի փողոցներում վերականգնված է


Այսօր առավոտյան ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել էր անհնազանդության ակցիաները․ կենտրոնական տասնյակից ավելի փողոցներ փակ էին։ Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիների էր բերման ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը։ Ժամը 11։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 189-ն էր, 14։00-ի դրությամբ արդեն 244 բերման ենթարկված կար։

Ազգային Ժողովի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ պայքարն «անկասելի է, ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ ժողովրդի պահանջի»։

«Ունենք, նախնական տվյալով, 200-ից ավելի բերման նեթարկվածներ, ունենք բազմաթիվ կոպիտ բռնության դեպքեր, այդ թվում՝ նաև պատգամավորների նկատմամբ, բայց, գիտեք, էդ ամեն ինչը հիմա էնքան երկրորդական ա։ Ամեն ինչ հրաշալի է, իրոք մարդիկ ոտքի են կանգնել, էն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում են, իրականացվում են, որովհետև թիկունքում կա ժողովուրդ», - ասաց Սաղաթելյանը՝ շեշտելով․ - «Եթե Հայաստանի քաղաքացին ուզում է ունենալ անվտանգություն, պետականություն պետք է գա, որովհետև սրանք իր անվտանգությունը չեն կարողանում ապահովել»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ, ընդդիմությունը «2018-ի էժանագին կրկնօրինակումն է ցանկանում անել»։

«Նրանք փորձում են էժանագին կրկնօրինակում անել 2018-ի, բայց խնդիրը, տարբերությունն իրական հետևյալն է, որ 2018-ին, ընդահանուր առմամբ, փողոց դուրս են եկել միլիոնից ավելի քաղաքացիներ, կամ առնվազն մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։ Նա համաժողովրդական շարժում էր, հիմա չի կարելի կրկնել մի քանի հարյուր հազարի կամ միլիոնի արածը ընդամենը 4-5 հազարով, ու սա բնական է», - ասաց իշխանական պատգամավորը։

«ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկվածների իրավունքների հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումներն արձանագրելու։

«Երթևեկությունը մայրաքաղաքի փողոցներում վերականգնված է»

Հայտարարություն տարածեց նաև Ոստիկանությունը՝ նշելով, որ երթևեկությունը մայրաքաղաքի փողոցներում վերականգնված է, ներկայումս բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:

Մեկ շաբաթ իրազեկման ակցիաներ անելուց հետո, իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրները երեկ վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում և գիշերեցին այնտեղ՝ հայտարարելով՝ առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսելու՝ բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ են փակելու։

XS
SM
MD
LG