Մատչելիության հղումներ

«Մենք՝ երաժիշտներս հոգու բժիշկներ ենք». Նարեկ Հախնազարյան


Վաղը՝ մայիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգը, որին մասնակցելու է նաև ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Ինչպես այսօր հրավիրված ասուլիսին ասաց Նարեկ Հախնազարյանը, համերգի համար հետաքրքիր ձևաչափ են ընտրել։

«Արամ Խաչատրյանի դահլիճում այդքան էլ հաճախ չեն անցնում այդպիսի կամերային համերգներ, որտեղ բեմի վրա ընդամենը երկու սոլիստ է: Մեր հանդիսատեսն ավելի շատ սովոր է այդ բեմի վրա տեսնել մեծ անսամբլներ, նվագախմբեր, երգչախմբեր կամ էստրադային համերգներ, բայց այսպիսի դասական ոճի կամերային երաժշտություն ընդամենը երկու սոլիստով բավականին անսովոր երևույթ է մեր հանդիսատեսի համար», - ասաց Հախնազարյանը:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հավելեց. «Ծրագրի մեջ ուզեցել ենք կամուրջ ստեղծենք եվրոպական և ռուսական մշակույթների: Առաջինը կլինեն ֆրանսիական և բելգիական երաժշտություն, իսկ երկրորդ բաժնում արդեն կլինեն Չայկովսկիի և Շոստակովիչի ստեղծագործությունները»:

Փարիզում բնակվող ֆրանսահայ երիտասարդ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը անցյալ տարի առաջին անգամ Հայաստան է եկել սերբուհի մոր հետ։ Ի դեպ, նրա հայրը և մայրը, նույնպես դաշնակահարներ են և այսօր ասում էր, որ մայրը մանկուց իր հետ սերբերեն է խոսել, հայրը՝ ֆրանսերեն, բայց հիմա պարտադրում են հայերեն խոսել սովորել, որովհետև միայն վերջին 6 ամսում արդեն 3 անգամ Ժան-Պոլը Հայաստան է այցելել և հանդես եկել Հայաստանում, նախ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և հիմա էլ Նարեկ Հախնազարյանի հրավերով։

Ժան-Պոլ Գասպարյանը հավելում էր, որ հույս ունի, որ վաղվա համերգը մեծ ընկերության և համագործակցության առիթ կհանդիսանա։ Պատմում էր, որ նվագել սկսել է վաղ հասակից, ներկայումս բազմաթիվ համերգների է մասնակցում տարբեր երկրներում, իսկ այստեղ Հայաստանում իրեն իսկապես հայ է զգում։ Նարեկ Հախնազարյանն էլ ի պատասխան հարցիս, ասաց, որ բազմաթիվ համերգներ ուներ, որոնք, ցավոք չեղարկվել են վերջին ամիսներին Եվրոպայում տիրող իրավիճակի պատճառով:

Նարեկ Հախնազարյանը հույս ունի շարունակել համերգային լայն գործունեությունը իր նոր թավջութակով, որն անձամբ իր համար վերջերս պատրաստել է գերմանացի ամենահայտնի վարպետներից մեկը՝ Գաբրիել Ժեբրան Յակուբը։ Նարեկ Հախնազարյանի ցանկությամբ թավջութակի անունը «Կոմիտաս» է և այն կրում է ՀՀ զինանշանը։

Նարեկ Հախնազարյանը համոզված է, որ դասական երաժշտության և անձամբ իր առաքելությունը մեկն է․ «Դասական երաժիշտը երբեք չպետք է իրան դնի կոմպոզիտորից բարձր, որովհետև ես համոզված եմ մեր դերը երաժիշտների, դա կամուրջն է կոմպոզիտորի և ունկնդրի միջև: Եվ այդ հարգանքը դեպի կոմպոզիտոր և եթե դա հանճարեղ կոմպոզիտոր է այդ պաշտելը միշտ պետք է լինի, դա շատ դժվար նպատակ է, որովհետև շատ երաժիշտներ խաբնվում են ինչ-որ կեղծ ցանկություններով՝ առանձնանալ ամբոխից, ինչ-որ հետաքրքիր բաներ անել և մոռանում են հիմնական նպատակը՝ կոմպոզիտորի խոսքը հասցնել ունկնդրին: Իմ միսիան որպես երաժիշտ, ուղղակի ազնվորեն անել իմ գործը, որպեսզի մարդիկ վայելեն, ուրախանան, մի քիչ ցավը թեթևանա: Կարելի է ասել, մենք՝ երաժիշտներս հոգու բժիշկներ ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG