Մատչելիության հղումներ

Վարչապետը դեռ չի արձագանքել իր շարասյանն ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ողբերգական վրաերթին


Սպայական վաշտի հրամանատարը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել. ՔԿ

Երիտասարդ հղի կնոջը վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի ենթարկելու ողբերգական դեպքից մեկ օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լռում է։ Ո՛չ կառավարության կայքէջում, ո՛չ էլ նրա ֆեյսբուքյան էջում ցավակցական որևէ խոսք չկա։

Երեկ երեկոյան Երևանի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 28-ամյա կնոջ կյանքը փրկել չէր հաջողվել։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes կազմակերպության հիմնադիրներից էր, Արցախում կառուցվող «Թևեր» տեղեկատվական կենտրոնի ծրագրի ղեկավար։ Նա սպասում էր իր առաջնեկին:

Վրաերթից մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց ոստիկանությունը՝ ընդունելով, որ մեքենան ծառայության մեջ էր, բայց ոչինչ չասաց այն մասին, որ «Տոյոտան» ուղեկցում էր վարչապետի շարասյանը։

Դրանից մի քանի ժամ անց էլ Քննչական կոմիտեն հայտարարությամբ հաստատեց ականատեսների վկայությունը, որ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը դեպքից հետո թողել է պատահարի վայրը և հեռացել, վերադարձել միայն երկու ժամ անց։ Մեքենայի ղեկին եղած հրամանատարը ձերբակալվել է` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու և երթևեկության անվտանգության պահանջները խախտելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Միայն այսօր ի պատասխան «Ազատության» լրագրողների հարցերի` իշխանական պատգամավորները հաստատեցին, որ շարասյունն առաջնորդել է վարչապետ Փաշինյանին. «Նա եղել է առաջին մեքենան, բայց թե առաջին ուղեկցող շարասյունը անվտանգությանն ապահովող առաջին մեքենայի և շարասյան միջև հեռավորությունն ինչքան է եղել, ով ինչ է տեսել և ինչ հեռավորությունից, այդ հարցերին չեմ կարող պատասխանել»:

Ոչ ադեկվատ, վայրենի, այսպես է ականատես Սամվել Մարտիրոսյանը բնորոշում ոստիկանների վարքը

Ավելի ուշ իշխանական լրատվամիջոցները «Վրաերթի ենթարկված կինը հետ է վազել» վերնագրով տարածեցին ավտովթարի առաջին կադրերը։ Տեսանյութը ամբողջական չէ, և չի երևում, թե վրաերթից հետո, ենթադրաբար, այդ ճանապարհով անցնող վարչապետի ավտոշարասյունը, որի համար էլ բացվում էր այդ ճանապարհը, ինչպես է անցնում վրաերթի ենթարկված կնոջ կողքով։ Տեսանյութը նաև անձայն է, և հասկանալի չէ, թե ինչ հրահանգներից հետո է կինը շփոթված փորձում անցնել փողոցը։

Իշխանական լրատվամիջոցի տարածած տեսանյութից որոշ ժամանակ անց արդեն հայտնվեց երկրորդ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է կնոջ կողքով անցնում վարչապետի ողջ ավտոշարասյունը։ «Ազատությանը» չի հաջողվել պարզել համացանցում տարածված այս տեսանյութի սկզբնաղբյուրը։

Սամվել Մարտիրոսյանը մոտավորապես այդ նույն ժամանակահատվածում տեսել է, թե ինչպես է ավտոշարասյունը դուրս գալիս կառավարական առանձնատներից: Ոչ ադեկվատ, վայրենի, այսպես է Մարտիրսյանը բնորոշում ոստիկանների վարքը. «Հիստերիկ գոռգոռոցներով, համարյա մեքենային բախվելով փորձում էին ստիպել, որպեսզի գնա, ինչ-որ մի տեղ կանգնի, ճանապարհը բացի»:

Նիկոլ Փաշինյանն այս ամենը շատ ծանր է տանում, վստահեցնում է իշխանական պատգամավորը

2019-ի մայիսին վարչապետ Փաշինյանն էր իր ավտոշարասյան՝ կարմիր լույսի տակ կանգելը ներկայացրել էր որպես իշխանության ձեռքբերումները մատնանշող 100 փաստերից մեկը։

Վարչապետը երեկ շտապել էր իր թիմակիցների հետ հանդիպմանը։ Կառավարությունից առաջին և այս պահին, ըստ էության, միակ արձագանքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումն էր այն մասին, որ անհարկի շահարկումներ են սկսվել Փաշինյանի անձի շուրջ, որ պաշտոնական հաղորդագրությունից զատ, ընդամենը բամբասանքներից ժանրից է։ Ապա եզրափակել էր, թե վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որևէ մեքենայի ղեկին։

Մինչ այս պահը դեռ կնոջ ընտանիքին հրապարակավ ցավակցություն չհայտնած Փաշինյանը այս ամենը շատ ծանր է տանում, վստահեցրեց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Վարչապետը, իհարկե, շատ ծանր է տանում այս դեպքը, և մենք բոլորս ենք ծանր տանում, և երեկ պետք է հանդիպումներ, քննարկումներ լինեին, որոնք ընդհատվեցին»:

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց թիմի ներսում չեն քննարկում, հարցն իրավապահների դաշտում է, սա էլ մեկ այլ իշխանական պատգամավորի` Մարիա Կարապետյանի դիտարկումն է։ «Չեմ ընդունում այն հնչող մեղադրանքը` իբրև դա բնորոշում է մեզ քաղաքականապես, որևէ կերպ այդ տեղաշարժի մշակույթի մեջ...»:

Վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար, ձերբակալված Արամ Նավասարդյանը գործել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակում, սա նրա փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարությունն է։

Վարչապետը դեռ չի արձագանքել իր շարասյանն ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ողբերգական վրաերթին
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG