Մատչելիության հղումներ

Էրդողանը հայազգի պատգամավորին մեղադրում է դավաճանության մեջ


Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար և սպառնացել, որ նրա նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն։

Կառավարության նիստից հետո ունեցած ելույթում Թուրքիայի նախագահը, սակայն, չի բացատրել, թե ինչ է սպասվում պատգամավորին։ Իշխանությունները տարիներ շարունակ փորձում են Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն Փայլանի քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել. - «Ազգային կամքի արտահայտման խորհրդանիշ հանդիսացող այս բարձրագույն կառույցում նման հանդգնության դրսևորումը համարում ենք ակնհայտ դավաճանություն: Նախկինում երբեմն բանավոր կերպով արտահայտված այս դավաճանությունը օրինագծի մակարդակի հասցնելու հանգամանքը ակամայից հարց է առաջացնում, թե ով է գոտեպնդում այդ ստորներին»:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանի նկատմամբ քննադատության տարափ էր սկսվել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, երկրի փոխնախագահ Ֆուադ Օքթայը Փայլանի օրինագիծը անընդունելի էին համարել՝ հայտարարելով, որ այն վտանգում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, և սպառնացել էին հարցին իրավական ընթացք տալ:

Հայազգի պատգամավորը աննախադեպ է համարել իր նկատմամբ սկսված արշավը

Փայլանը CNN Türk-ին ասել է, որ 2015-ից ի վեր՝ արդեն 7 տարի նման օրինագիծ է ներկայացնում խորհրդարան և նման դատաստանի չի ենթարկվել, քանի որ այն ժամանակ Թուրքիայում կարելի էր խոսել այս հարցերի շուրջ:

Գարո Փայլան
Գարո Փայլան

«Ես չեմ փոխվել, նշանակում է Թուրքիան է փոխվել: Նախկինում շատ քայլեր էին արվում անցյալի հետ առերեսման համար, սակայն հիմա Թուրքիան այդ էջն էլ է փակել, այսինքն՝ փակել է նաև հավասար, արդար ապագայի էջը»,- կարծում է Փայլանը:

Deutsche Welle-ի թուրքական ծառայության հետ զրույցում էլ նա համոզմունք է հայտնել, թե ցեղասպանության հարցը միայն թուրքական մեջլիսում պետք է քննարկման առարկա դառնա. - «Եկեք ուսումնասիրենք այս հարցը, քննենք, որպես քաղաքական գործիչներ, որպես Թուրքիայի խորհրդարան խոսենք սրա մասին: 107 տարի այս թեմայով չխոսելու պատճառով է, որ այն քննարկման առարկա է դարձել այլ երկրների խորհրդարաններում՝ Արգենտինայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում: Այն դեպքում, երբ Հայոց մեծ եղեռի մասին պետք է խոսվի միայն Թուրքիայի խորհրդարանում և միայն թուրք հասարակությունը»:

Թուրքիայի նախագահը իր երեկվա ելույթում կոշտ է արտահայտվել նաև մեջլիսի մեկ այլ պատգամավորի՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սեզգին Թանրըքուլուի հասցեին: Ընդդիմադիր պատգամավորը ապրիլի 24-ի առիթով Թվիթերում գրել էր, թե 107 տարի առաջ հայ մտավորականները «աքսորվել են Չանքըռը, Այաշ, Անկարա և կորսվել»: Նա ընդգծել է, որ առանց անցյալի հետ առերեսման իրական արդարություն չի կարող հաստատվել:

Էրդողանը այս խոսքերը հերյուրանք է որակել՝ հայտարարելով, որ ազգը դրա համար հաշիվ կպահանջի հաջորդ ընտրություններին:

Թուրքիայի դատախազությունը պատգամավորի գրառումից հետո նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Թուրքիայի Հանրապետության ինքնությունը վիրավորելու համար:

XS
SM
MD
LG