Մատչելիության հղումներ

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» ցուցահանդեսը` Թումանյանի տուն-թանգարանում


Մեկ գավաթ սուրճի շուրջ հավաքվելու, զրուցելու, քննարկելու օրվա խնդիրները կամ առհասարակ խոհափիլիսոփայելու առօրեական այս ձևաչափը սիրելի է շատ-շատերի համար ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև հայ իրականության մեջ սկսած 18-րդ դարից։ Օրերս Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» խորագրի ներքո ցուցահանդես։

Այն ներկայացնում է ավելի քան 100 ցուցանմուշ 32 թանգարաններից՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածը, պատմելով հայ իրականության մեջ սուրճի, սրճախմության ավանդույթների մասին, աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում հայերի դերի մասին, ներկայացվում է նաև արևմտահայերի և արևելահայերի կենցաղում սուրճի կիրառման պատմությունը ազգագրական տեսանկյունից։

Ուշագրավ է նաև հայ և համաշխարհային մեծերի կյանքում սուրճի դերն ու գործածությունը՝ հենց իրենց իսկ գրառումներով և ստեղծագործությունների միջոցով։

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Մատենադարանի գիտաշխատող, հանրային կապերի բաժնի վարիչ Տաթևիկ Սարոյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց` այս մեծ նախագիծը մեկնարկել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում դեռ 2021 թվականին. «Նպատակն է ներկայացնել, թե ինչպես հայերը դեռևս 17-րդ դարից կարողացան հանրահռչակել սուրճի մշակույթը: Երեկոներ ենք կազմակերպում Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում` այգում, և ներկայացնում ենք` սուրճը ինչ հետաքրքիր դրսևորում ունի հայ գրականության մեջ, կերպարվեստի, համաշխարհային երաժշտության մեջ, կինոարվեստի մեջ: Սա ոչ թե պրոպագանդում է սուրճ ըմպելիքը, այլ որպես մշակույթ, որպես ըմպելիք, որի միջոցով կարող են ստեղծագործողները հենց հատուկ ստեղծագործություններ գրել»:

Նա նշեց` հայաստանյան թանգարանների համար նման մեծ համագործակցությունը առաջինն է` 32 թանգարան մեկ հարկի տակ. «Հենց Թումանյանի հարկի տակ և խոսում են սուրճի մշակույթի, հայկական հետագծի մասին, այսինքն` բազմաշերտ է, և ազգագրություն կա, և գրականություն կա, մշակույթի, արվեստի գրեթե բոլոր ոլորտները ներկայացված են, և ամեն թանգարան կարող է 1-ից մինչև 10, 20 առարկա ներկայացնել: Բոլորը հոժարակամ, ուրախությամբ տրամադրել են նմուշները, որպեսզի ցուցադրվի և հանրությանը պատմի այն ամենը, ինչ առկա է մեր թանգարաններում»:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Թումանյանի հարկի ներքո վճռվեց իրականացնել այս մեծ նախագիծը, ցուցահանդեսի կազմակերպիչ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց. «Թումանյան տեսակը նախաձեռնող տեսակ է եղել և միշտ իր նախաձեռնողականության շնորհիվ կարողացել է համախմբել: Ես կարծում եմ, որ այս ցուցահանդես-նախագիծը, որն իրականում միայն մեկօրյա ցուցահանդես չէր, այլ մի ամբողջ նախագիծ է, որ մեկնարկել է դեռ 2021թ., և ապագայում մենք շարունակականության եզրեր ենք տեսնում»:

Անի Եղիազարյանը շարունակեց, որ սա ոլորտը համախմբելու, այն մեկ հարթակից ներկայացնելու, համագործակցության ձևաչափեր մշակելու նախագիծ է. «Հսկայական թիմ է միացել ծրագրի իրականացմանը, բոլորը մշակույթի ոլորտի նկարիչներ, քանդակագործներ և այլն, և թումանյանական համախմբող ուժի ազդեցությունն է, որ այս օրերին լինելու է Թումանյան թանգարանում»:

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 15-ը, բայց նպատակ կա ստեղծել նաև վիրտուալ տարբերակը, հնարավորություն տալու մարզերին ուսումնասիրված թեման ավելի լայն լսարանի ներկայացնելու, տեղեկացրեց Անի Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG