Մատչելիության հղումներ

Հայոց Ցեղասպանության թանգարանը բացում է «Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրություն


Ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Հայոց Ցեղասպանության թանգարան - ինստիտուտը բացում է ուշագրավ թեմատիկ ժամանակավոր ցուցադրություն։ Երկու օր առաջ բացված ցուցադրությունը կրում է «Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը» խորագիրը։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում ցուցահանդեսի համակարգող, թանգարանի ցուցադրական բաժնի ղեկավար Սեդա Պարսամյանը նշեց. «Այս ժամանակավոր ցուցադրությունն իր տեսակի մեջ առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն: Նպատակն ավելի քան մեկդարյա հեռավորությունից վեր հանելն ու ներկայացնելն է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2000 կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որը ցավոք, ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով»:

«Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր այս ցուցադրությունը, որին կարելի է ծանոթանալ մինչև սեպտեմբերի 10-ը, իր մեջ ներառում է Հայաստանի, Սփյուռքի տարբեր հաստատություններից, նաև իհարկե Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվային նյութերից ներկայացված 3 տասնյակից ավելի տարբեր վարժարանների բնօրինակ ավարտական վկայագրեր, դասագրքեր, դպրոցական պարագաներ, լուսանկարներ՝ փաստագրական հարուստ նյութեր, որոնք անառարկելի վկայություններն են Օսմանյան կայսրության մեջ հայկական վարժարանների գոյության և ծավալած լայն գործունեության։

Փաստագրական նյութերը հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված են 16 խորագրային պանելներով։ Ցուցադրության մեջ իրենց վկայագրերով տեղ են գտել այնպիսի հայտնի վարժարաններ, ինչպիսիք են Կարինի, Վասպուրականի, Խարբերդի, Սեբաստիայի, Կեսարիայի և այլ հայկական վարժարաններ, որոնց թիվն, ընդհանուր առմամբ, Օսմանյան Թուրքիայում 2000-ից ավելի է եղել և որոնք, ոչնչացվել են Ցեղասպանության տարիներին՝ դառնալով մշակութային ցեղասպանության խոսուն վկաները։

«Այդ ամենն անհետ չի կորսվել, մինչև այսօր պահպանվել են բացառիկ վկայագրեր, փաստավավերագրական, որոնք վկայում են դրանց երբեմնի գոյությունը, բայց, ցավոք, այո, այդ հաստատությունները, մշակութային օջախները այսօր գոյություն չունեն», - ասաց Սեդա Պարսամյանը:

Հավելենք, որ ցուցադրության մեջ առանձին բաժնով ներկայացված են Պոլսի հայկական վարժարանները, որտեղ ուսում են առել մեր լավագույն բանաստեղծները՝ եղեռնազոհ Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ այսօր արդեն սրբադասված նահատակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG